Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարի մոտ տրոմբ էր հայտնաբերվել գլխուղեղի ցնցումից հետո

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի բժշկական զննությունն անցկացրած բժիշկները հաղորդել են, որ արտգործնախարարի մոտ գլխուղեղի և գանգի միջև տրոմբ է առաջացել, ինչը սակայն կաթվածի պատճառ չի դարձել և որևէ վնաս չի հասցրել իր նյարդային համակարգին:

Արտգործնախարար Քլինթընը հիվանդանոց էր տեղափոխվել շաբաթվա սկզբին՝ իր մոտ արյան տրմոբի հայտնաբերման պատճառով:

Միացյալ Նահանգների արտգործնախարարության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Քլինթընի բժիշկները տրոմբը հայտնաբերել են նախօրեին կատարված զննության ժամանակ:

Արտգործնախարար Քլինթընի բժիշկները երկուշաբթի օրը հայտնել են, որ իր առողջական վիճակը լավացել է և ինքը շուտով կապաքինվի:

Հիվանդության պատճառով Միացյալ Նահանգների արտգործնախարարը ստիպված է եղել հետաձգել ծրագրավորված մի շարք այցելություններ ու ելույթներ, ներառյալ մասնակցությունը Բենգիազի քաղաքում անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի հյուպատոսության ուղղությամբ կատարված հարձակման շուրջ ԱՄՆ-ի Կոնգրեսում անցկացվող լսումներին:

Արտգործնախարար Քլինթընն իր պաշտոնավարման ընթացքում այցելել է 112 երկիր, ինչը ռեկորդային թիվ է այս պաշտոնը նախկինում զբաղեցրած արտգործնախարարների շրջանում: Նա նախատեսում է հեռանալ արտգործնախարարի պաշտոնից, երբ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում կհաստատվի Մասաչուսեթս նահանգից ընտրված սենատոր Ջոն Քերին:
XS
SM
MD
LG