Մատչելի հղումներ

Քլինթընը վկայություններ կներկայացնի ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ Բենգազիի հարձակման շուրջ


Կոնգրեսական Էդ Ռոյսի համաձայն, կարևոր է հնարավորինս շատ տեղեկություններ քաղել Բենգազիում տեղի ունեցածի մասին՝ երաշխավորելու համար, որ նման հարձակումներ այլևս չկրկնվեն

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը գալիք շաբաթ վկայություններ կներկայացնի Միացյալ Նահանգների Կոնգրեսին՝ անցյալ տարի Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ-ի հյուպատոսության ուղղությամբ իրականացրած հարձակման վերաբերյալ, որի հետևանքով զոհեր են եղել:

Քլինթընը, որը պետք էր դեռևս անցյալ ամիս ներկայանար ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատ, սակայն չէր կարողացել անել դա՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև կկանգնի հունվարի 23-ին:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական նախագահ, Կալիֆորնիա նահանգի կոնգրեսական Էդ Ռոյսի համաձայն, կարևոր է հնարավորինս շատ տեղեկություններ քաղել Բենգազիում տեղի ունեցածի մասին՝ երաշխավորելու համար, որ նման հարձակումներ այլևս չկրկնվեն:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին Բենգազի քաղաքում գտնվող Միացյալ Նահանգների հյուպատոսության ուղղությամբ հարձակում էին կատարել իսլամիստ զինյալները: Հարձակման հետևանքով զոհվել էին Լիբիայում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստոֆեր Ստիվենսն ու ԱՄՆ-ի երեք այլ քաղաքացի:

Կոնգրեսական Ռոյսն ասել է, որ ցանկանում է, որպեսզի Քլինթընը բացատրի, թե ինչու նման հարձակման հնարավորությունը չէր ակնկալվում պաշտոնյաների կողմից, և թե ինչ կարելի է ձեռնարկել՝ դիվանագիտական հաստատություններում անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:

XS
SM
MD
LG