Մատչելի հղումներ

Դիվանագետները շարունակում են որոնել Իսրայելի և պաղեստինցիների միջև վերջերս կրկին բռնկված հակամարտությունը կարգավորելու ուղիներ

Դիվանագետները շարունակում են որոնել Իսրայելի և պաղեստինցիների միջև վերջերս կրկին բռնկված հակամարտությունը կարգավորելու ուղիներ:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Իսրայել, Ռամալլահ և Կահիրե է գործուղել արտգործնախարար Հիլարի Քլինթընին, որտեղ վերջինս հանդիպումներ կանցկացնի տարածաշրջանի առաջնորդների հետ:

Նախագահ Օբամայի հետ միասին Կամբոջայում պաշտոնական այցով գտնվող Հիլարի Քլինթընն երեքշաբթի օրն ուղևորվել է Երուսաղեմ, որտեղ հանդիպումներ կանցկացնի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուհի հետ: Քլինթընն այցի ընթացքում հանդիպելու է նաև պաղեստինցիների ղեկավարության և Եգիպտոսի պաշտոնյաների հետ:

ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում Քլինթընը հիմնականում կկենտրոնանա հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում Միացյալ Նահանգների շահերի վրա:

Դիվանագիտական ջանքերի միջոցով մինչ այժմ սակայն չի հաջողվել դադարեցնել Իսրայելի և պաղեստինցիների միջև միջսահմանային հարձակումների իրականացումը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկուշաբթի երեկոյան իրավիճակի կարգավորմանը նվիրված հանդիպման արդյունքում որևէ համաձայնություն ձեռք չի բերվել:

Իսրայելը երեքշաբթի օրը շարունակել է Գազայի գոտում գտնվող՝ Իսրայելի բնակավայրերի ուղղությամբ հրթիռներ արձակող իսլամիստ զինյալների դեմ ուղղված արշավը:

Այսպես, Իսրայելի օդուժը երեքշաբթի օրը հարված է հասցրել Գազա քաղաքում գտնվող Իսլամական ազգային բանկի ուղղությամբ: Ըստ հաղորդագրությունների, հարձակման արդյունքում շենքին մեծ վնաս է հասցվել:
Պաշտոնական տվյալների համաձայն, Իսրայելի և պաղեստինցիների միջև հարձակումների իրականացման հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 100-ը, Իսրայելի կողմից զոհվել է խաղաղ երեք բնակիչ:

Իսրայելի և պաղեստինցիների միջև հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին աջակցություն ցուցաբերելու համար նախօրեին Կահիրե ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը երեքշաբթի օրը հանդես է եկել անհապաղ զինադադար հաստատելու կոչով:
XS
SM
MD
LG