Մատչելի հղումներ

Քլինթընը ԱՄՆ-ի Կոնգրեսին այսօր կներկայացնի վկայություններ Բենգազիի իրադարձությունների վերաբերյալ


Արտգործնախարարության խոսնակ. «Քլինթընը միշտ պատասխանատվություն է ստանձնում կատարված սխալների համար»

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի Սենատին և Ներկայացուցիչների պալատին վկայություններ կներկայացնի անվտանգության այն թերությունների վերաբերյալ, որոնց դարձել էին անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին Լիբիայի Բենգազի քաղաքում Միացյալ Նահանգների հյուպատոսության ուղղությամբ իրականացված հարձակման ընթացքում Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանի և երեք այլ ամերիկացիների մահվան պատճառը:

Սպասվում է, որ Քլինթընը կքննարկի, թե ինչպես է ԱՄՆ-ի արտգործնախարարությունը կատարում Լիբիայում տեղի ունեցած հարձակման հետաքննությունն իրականացնող Հաշվետվողականության ուսումնասիրության խորհրդի առաջարկությունները:

Խորհրդի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում Բենգազիում դիվանագիտական առաքելության անվտանգության ապահովումը «բացարձակապես թույլ» է անվանվել: Ուսումնասիրության մեջ նշվել է նաև, որ դիվանագիտական այդ առաքելության աշխատողների վկայությամբ՝ Բենգազիում անվտանգության ապահովությունը Վաշինգտոնի պաշտոնյաներն առաջնահերթ ուշադրության չէին արժանացնում:

Միացյալ Նահանգներ արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը նախօրեին հայտնել էր լրագրողներին, որ Քլինթընը միշտ պատասխանատվություն է ստանձնում կատարված սխալների համար: Նրա համաձայն, արտգործնախարարը խոստացել է ընդունել Հաշվետվողականության ուսումնասիրության խորհրդի բոլոր առաջարկությունները և ավարտել թերությունների շտկումը՝ արտգործնախարարի պաշտոնից հեռանալուց առաջ:

XS
SM
MD
LG