Մատչելի հղումներ

Չինաստանում չեն դադարում լրատվամիջոցների գրաքննության դեմ բողոքները


Ցույցի ընթացքում ազատ խոսքի կողմնակից ցուցարարները բախվել են կոմունիստական կուսակցության ջատագովների հետ

Չինաստանի հարավային մասում երեքշաբթի օրը շարունակվող բողոքի ցույցի ընթացքում ազատ խոսքի ջատագով ցուցարարները բախվել են կոմունիստական կուսակցության ջատագովների հետ:

Հարյուրավոր ցուցարարներ երեքշաբթի արդեն երկրորդ օրն անընդմեջ բողոքի ցույցեր են անցկացնում Գուանչժոու քաղաքում գտնվող «Հարավային շաբաթաթերթ» առաջադիմական պարբերականի գրասենյակի մոտ, որի լրագրողները գործադուլ են հայտարարել՝ մեղադրելով պետական մարմիններն իրենց պարբերականի աշխատանքին միջամտելու մեջ:

Ցուցարարները կոչ են անում աշխատանքից հեռացնել նահանգային կառավարության գաղափարախոսության գծով պատասխանատուին, քանի որ գրաքննիչները, ըստ ցուցարարների, անցյալ շաբաթ կասեցրել էին սահմանադրական իրավունքների ամրապնդման կոչ անող խմբագրականը՝ փոխարինելով այն Չինաստանի իշխող կուսակցության ձեռքբերումները գովաբանող հոդվածով:

Ցույցի ընթացքում երեքշաբթի օրը մանր բախումներ են տեղի ունեցել լրատվամիջոցների բարեփոխումներ իրականացնելու կոչով հանդես եկող ցուցարարների և ձեռքներում նախագահ Մաոյի դիմանկարով դրոշներ բռնած՝ Չինաստանի իշխող կուսակցության կողմնակիցների միջև:

Պետության կողմից իրականացվող գրաքննության դեմ մի քանի տարվա մեջ անցկացվող բաց առաջին այս ցույցը շատերի կողմից համարվում է «առավել բաց կառավարության» կոչով հանդես եկած Չինաստանի կոմունիստական կուսակցության նորանշանակ քարտուղար Սի Ցզինպինի հիմնական փորձություններից մեկը:
XS
SM
MD
LG