Մատչելի հղումներ

Վազորդին դատարանն ազատել է գրավի դիմաց


Դատավոր. «Մեղադրանքի կողմը չի ներկայացրել բավարար ապացույցներ այն մասին, որ վազորդը, գրավի դիմաց ազատվելու դեպքում, կարող է փախուստի դիմել»

Դատարանն ուրբաթ օրը գրավի դիմաց ազատ է արձակել հարավաֆրիկացի վազորդ Օսկար Պիստորիուսին, որը մեղադրվում է իր ընկերուհի, մանեկենուհի Ռիվա Ստեենքամփի սպանությունն իրագործելու մեջ:

Ավելի քան մեկ ժամ տևած ուղերձում շրջանային դատարանի գլխավոր դատավոր Դեզմոնդ Նեյրն ասել է, թե մեղադրանքի կողմը չի ներկայացրել բավարար ապացույցներ այն մասին, որ վազորդը, գրավի դիմաց ազատվելու դեպքում, կարող է փախուստի դիմել:

Հարավային Աֆրիկայի մայրաքաղաք Պրետորիայի դատարանի դատավորն ասել է նաև, որ մեղադրանքի կողմը, այնուամենայնիվ, կատարել է Պիստորիուսի կողմից իր ընկերուհի Ռիվա Ստեենքամփի փետրվարի 14-ին կատարված սպանության կանխամտածված լինելու վարկածը հիմնավորելու համար անհրաժեշտ իրավական պահանջները:

Օլիմպիական չեմպիոն հաշմանդամ վազորդին ազատ արձակելու գրավը դատարանի կողմից նշանակվել է 28,5 հազար դոլար չափով:

Պիստորիուսը հերքում է իրեն ներկայացվող մեղադրանքները՝ պնդելով, որ Ստեենքամփին սպանել է սխալմամբ՝ կեսգիշերին կարծելով, թե իր տուն անծանոթ անձ է մուտք գործել: Այս վարկածը սատարում է նաև վազորդի փաստաբանը:

Դատախազները սակայն կարծում են, որ Պիստորիուսը սառնասիրտ սպանություն կատարած հանցագործ է, որը կարող է դիմել փախուստի՝ կարծիք, որին դեմ է հանդես գալիս դատապաշտպանը՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ վազորդը բարձր ժողովրդականություն է վայելում Հարավային Աֆրիկայում:

Սպանության մեջ մեղադրվող Պիստորիուսը համարվում է Հարավային Աֆրիկայի ազգային հերոսներից մեկը՝ պատմության մեջ անցյալ տարվա օգոստոսին մտնելով որպես երկու ոտքը կորցրած առաջին մարզիկ, որը մասնակցել է օլիմպիական խաղերի:

Պիստորիուսի դեմ հարուցած դատական գործի ժամանակից մարզիկի հետ պայմանագրերը խզել են վերջինիս գլխավոր հովանավոր «Նայք» ու «Օուքլի» ընկերությունները:
XS
SM
MD
LG