Մատչելի հղումներ

«Ադրբեջանի դեսպանատունը փորձում է սահմանափակել ԱՄՆ-ի Կոնգրեսի խոսքի ազատությունը»


Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի համաձայն, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հորդորել է ԱՄՆ-ի կոնգրեսականներին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի ազատության շարժման 25 ամյա տարեդարձին նվիրված միջոցառումն այցելելուց

«ԱՄՆ-ի կոնգրեսականները պատրաստվում են տոնել Ղարաբաղյան ազատության շարժման 25 ամյա տարեդարձը՝ գալիք շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից անցկացվող արարողության ընթացքում: Սակայն Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանությունը և Ալիևի կողմնակից խմբավորումները փորձել են խոչընդոտել այս միջոցառման անցկացումը՝ կիրառելով ազատ խոսքի այնպիսի սահմանափակումներ, որոնք, չնայած լայն տարածում են գտել Բաքվում, սակայն միանգամայն խորթ են Ամերիկայի ժողովրդավարական ավանդույթներին»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որի համաձայն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հորդորել է ԱՄՆ-ի կոնգրեսականներին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի ազատության շարժման 25 ամյա տարեդարձին նվիրված միջոցառումն այցելելուց:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, հանդես գալով այս շաբաթվա սկզբին Ամերիկա-իսրայելյան հանրային խորհրդի (AIPAC) քաղաքականության համաժողովին, դեսպան Սուլեյմանովը փորձել է ստվեր գցել ամերիկահայ համայնքի վրա՝ զգուշացնելով, որ Իսրայելի աջակիցները «չպետք է ենթարկվեն հայամետ լոբիստական խմբերի ազդեցության»:

«Նման տեսակի ճնշման գործադրումը կարող է խոչընդոտել խոսքի ազատությունը Ալիևի կառավարման տակ գտնվող Ադրբեջանում, սակայն դեսպան Սուլեյմանովն ըստ էության դեռևս շատ բան պետք է սովորի Ամերիկայի մասին, եթե կարծում է, որ իր հուսահատ սպառնալիքները կաշխատեն ԱՄՆ-ի Կոնգրեսի դահլիճներում», - նշված է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG