Մատչելի հղումներ

Ադրբեջանցի գրողին զրկել են «ժողովրդական գրող» կոչումից


Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլի

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլի

Բաքվում 1989-ին հայերի վրա իրականացված հարձակումների մասին պատմող «Քարե երազներ» վեպի հեղինակ, 75-ամյա Աքրամ Այլիսլին զրկվել է նաև պետական թոշակից

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի օրը հրամանագիր է ստորագրել «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլիին «Ժողովրդական գրող» կոչումից զրկելու մասին: 75-ամյա գրողը զրկվել է նաև պետական թոշակից»:

Այս մասին հաղորդել է «Բի-Բի-Սի» գործակալությունը, որի համաձայն Բաքվում 1989 թվականին հայերի վրա իրականացված հարձակումների մասին պատմող «Քարե երազներ» վեպը բուռն արձագանք է առաջացրել Բաքվում: Գրողը մեղադրվել է պատմական փաստերի շարադրման ժամանակ կողմնակալության մեջ:

Գրող Աքրամ Այլիսլին «Բի-Բի-Սի»-ի հետ զրույցում ասել է, որ «Ժողովրդական գրող» կոչումից զրկելն անակնկալ էր իր համար, և որ այս հրամանագրից «30-ական թվականների ոգու հոտ է գալիս»:

«Դրա համար հողը պատրաստվում էր 1930-ական թվականների նման՝ օգտագործելով ժողովրդից ստացված նամակները: Ես չէի պատկերացնում, որ նման բան կարող էր տեղի ունենալ: Խոսքի ազատությունն ապահովվում է սահմանադրությամբ», - ասել է գրողը:

«Քարե երազներ» վեպը հրապարակվել էր անցյալ տարի «Դրուժբա նարոդով» ամսագրում՝ ռուսերեն լեզվով: Այս տարվա փետրվարին վեպի հետ իրենց անհամաձայնությունը հայտնող մի խումբ երիտասարդներ, հավաքվելով գրող Աքրամ Այլիսլիի տան մոտ, այրել էր վերջինիս լուսանկարները:
XS
SM
MD
LG