Մատչելի հղումներ

Հնդկաստանում խմբակային բռնաբարության մասնակիցներին պաշտոնապես մեղադրանքներ են ներկայացվել


Սպասվում է նաև, որ կառավարությունը դատապաշտպաններ կնշանակի մեղադրյալներին, քանի որ Հնդկաստանի փաստաբանների պալատի անդամները հրաժարվել են վերջիններիս պաշտպանել դատարանում

Հնդկաստանի ոստիկանությունը պաշտոնապես մեղադրանքներ է ներկայացրել անցյալ ամիս 23-ամյա մի կնոջ խմբակային բռնաբարության մասնակիցներից հինգին: Նրանց ներկայացվել են խմբակային բռնաբարության, սպանության և հանցավոր ոտնձգության մեղադրանքներ:

Երկրի իշխանությունները խոստացել են պնդել, որ մեղադրյալները, մեղավոր ճանաչվելու դեպքում, մահապատժի ենթարկվեն:

Բռնաբարության վեցերորդ մասնակցի դատավարությունը կանցկացվի դեռահասների դատարանում, քանի որ վերջինիս տարիքը ցածր է 18 տարեկանից:

Հնդկաստանի կառավարությունը, հասարակության կողմից զայրույթի զանգվածային դրսևորումներից հետո, խոստացել է, որ դատավարությունը կանցկացվի արագացված կարգով՝ նորաստեղծ դատական մարմնի կողմից: Որոշ փորձագետների կարծիքով, դատավարությունը կարող է ավարտվել մինչև գալիք ամսվա վերջ, ինչը չափազանց արագ է այն երկրի համար, որտեղ դատավարությունները կարող են տարիներով ձգձգվել:

Սպասվում է նաև, որ կառավարությունը դատապաշտպաններ կնշանակի մեղադրյալներին, քանի որ Հնդկաստանի փաստաբանների պալատի անդամները հրաժարվել են վերջիններիս պաշտպանել դատարանում:

Խմբակային բռնաբարության ենթարկված կինը, որի անունը չի հրապարակվել, մահացել է անցյալ շաբաթ օրը հանցագործների կողմից իրեն դեկտեմբերի 16-ին հասցված վնասվածքներից: Կնոջ մահը Հնդկաստանում հրահրել էր կանանց ապահովության շուրջ բանավեճը: Բողոքի մասնակիցները կոչ են արել իշխանություններին խստացնել բռնաբարության համար նախատեսված պատիժը, բարեփոխումներ իրականացնել ոստիկանության շարքերում և փոխել հասարակության մեջ կանանց նկատմամբ առկա վերաբերմունքը:

XS
SM
MD
LG