Մատչելի հղումներ

Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովը կանդրադառնա Սիրիայի և Մալիի խնդիրներին


Սպասվում է, որ Իսլամական համագործակցության կազմակերպության մասնակիցները հանդես կգան Սիրիայում շարունակվող հակամարտությանն անհապաղ վերջ դնելու կոչով

Եգիպտոսում այսօր մեկնարկում է Իսլամական համագործակցության կազմակերպության երկօրյա գագաթաժողովը, որի ընթացքում մահմեդական պետությունների առաջնորդները կանդրադառնան Սիրիայում և Մալիում շարունակվող ճգնաժամերի, ինչպես նաև Իսրայելի և պաղեստինցիների միջև հարաբերությունների խնդիրներին:

56 անդամ պետություն ունեցող Իսլամական համագործակցության կազմակերպության Կահիրեում չորեքշաբթի օրը մեկնարկող գագաթաժողովին ընդառաջ այս շաբաթվա սկզբին անցկացվել էին կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների բանակցությունները:

Գագաթաժողովի մասնակիցների ուշադրությանը ներկայացված հայտարարության նախագծում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մեղադրվում է երկրում արդեն գրեթե երկու տարի շարունակվող ճգնաժամի համար: Հայտարարության նախագծում նաև կոչ է արվում անհապաղ դադարեցնել հակամարտությունը, որի հետևանքով արդեն զոհվել է մոտ 60 հազար մարդ:

Սիրիայի անդամությունն Իսլամական համագործակցության կազմակերպությանը դադարեցվել է անցյալ տարվա օգոստոսին՝ նախագահ Ասադի կողմից իր երկրի ժողովրդի դեմ «մահացու ուժ կիրառելու» պատճառով:

Սպասվում է, որ գագաթաժողովի ընթացքում կքննարկվեն նաև տնտեսական, սոցիալական և մշակութային խնդիրներ, ինչպես նաև կազմակերպության անդամ պետություններում աղքատության դեմ պայքարի և զարգացման առաջնահերթությունները:

XS
SM
MD
LG