Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահն ընդունել է ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին


Armenian President Serzh Sargsyan received French actor Alen Delon

Ալեն Դելոնը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Ֆրանսիայում մշտապես հարգալից վերաբերմունք ունեն Հայաստանի մշակույթի, պատմության նկատմամբ և հստակ դիրքորոշում՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրն ընդունել է համաշխարհային կինոյի լեգենդներից մեկին՝ ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին, ով դեկտեմբերի 18-ին Երևանում ներկա կգտնվի իր մասնակցությամբ նկարահանված «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերային:

Նախագահ Սարգսյանը ողջունել է հյուրին Հայաստանում՝ ուրախությամբ նշելով, որ Ալեն Դելոնի ստեղծած կերպարները Հայաստանում ևս մեծ ճանաչում և ժողովրդականություն են վայելում, իսկ դարավոր պատմություն և մեծ ներուժ ունեցող հայ-ֆրանսիական ջերմ բարեկամական հարաբերությունները շարունակում են վերընթաց զարգանալ:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, ֆրանսիացի անվանի դերասանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ ջերմ խոսքերի և հյուրընկալության համար, ընդգծել, որ Ֆրանսիայում մշտապես շատ ուշադիր են եղել Հայաստանի նկատմամբ, հարգալից վերաբերմունք ունեն՝ նրա մշակույթի, պատմության նկատմամբ և հստակ դիրքորոշում՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում:

Դելոնը նշել է նաև, որ հետաքրքրությամբ է հետևել շուրջ մեկ ամիս առաջ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ նախագահ Սարգսյանի հանդիպմանը, իսկ անցյալ տարի՝ նաև Նիկոլա Սարկոզիի պետական այցին Հայաստան:

Նշանավոր դերասանը սիրով ընդունել է Հայաստանի նախագահի հրավերը՝ կրկին այցելելու Հայաստան և ավելի հանգամանորեն ծանոթանալու այն երկրին, որի մասին բազմիցս լսել է իր հայ ընկերներից:
XS
SM
MD
LG