Մատչելի հղումներ

Ստամբուլում անցկացված շախմատի օլիմպիադայի եզրափակիչում Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել Հունգարիայի հավաքականի նկատմամբ

Հայաստանը ամրապնդել է «շախմատի գերտերության» իր համբավը՝ Ստամբուլում անցկացված շախմատի օլիմպիադայի եզրափակիչում հաղթանակ տանելով Հունգարիայի հավաքականի նկատմամբ և նվաճելով ոսկե մեդալ:

«Օրվա հերոսն էր Սերգեյ Մովսիսյանը, որը կարևոր հաղթանակ է տարել Հունգարիայի հավաքականի Զոլթան Ալմասի նկատմամբ: Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ ոքի», - գրում է «Արմենիան ուիքլի» պարբերականը:

Օլիմպիադայի եզրափակիչ դուրս էին եկել Հայաստանը, Չինաստանն ու Ռուսաստանը՝ յուրաքանչյուրն ունենալով 17 միավոր:

Ռուսաստանը 3-1 հաշվով պարտության է մատնել Գերմանիայի հավաքականին, սակայն մեկ թայբրեյքով հետ է մնացել Հայաստանի հավաքականից:

Չինաստանն իր հերթին պարտություն է կրել Ուկրաինայի հավաքականի հետ ունեցած հանդիպման ընթացքում և հետ է մնացել իր հիմնական մրցակիցներից:

Օլիմպիադայի ընթացքում Հայաստանի հավաքականը հաղթանակած է դուրս եկել 11 հանդիպումներից 9-ում: Միակ պարտությունը հավաքանակը կրել է Չինաստանից, իսկ Ռուսաստանի հետ խաղացել է ոչ ոքի:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել 2006 և 2008 թվականների շախմատային օլիմպիադաների ընթացքում, իսկ 2010 թվականի առաջնությունում զբաղեցրել է յոթերորդ տեղը:

XS
SM
MD
LG