Մատչելի հղումներ

«Հայաստանի իշխանությունները անում են ամեն ինչ՝ սիրիահայերի համար նոր աշխատատեղեր գտնելու և վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու համար»

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամում 110 սիրիահայ ուսանողներին կրթաթոշակներ տրամադրման նվիրված միջոցառման ժամանակ անձամբ է հանձնել կրթաթոշակի վկայականներ ուսանողներին:

Վարչապետ Սարգսյանն ուրբաթ օրը կայացած միջոցառման ժամանակ հանդես գալով ներկաների առջև նշել է, որ Հայատանի կառավարությունը ձեռնարկել է մի շարք ծրագրեր, որպեսզի սիրիահայերը ստանան այնպիսի օժանդակություն, որն օգնելու է հաղթահարել առկա դժվարությունները:

«Ծրագրերը բազմազան են: Մենք պետք է լինենք յուրաքանչյուր սիրիահայի կողքին, հասկանանք՝ ինչով կարող ենք օգտակար լինել: Ներկայում շուրջ 7000 սիրիահայեր են գտնվում Հայաստանում, նրանցից շատերը մտադիր էին որոշ ժամանակ անց վերադառնալ Սիրիա, քանի որ թվում էր, որ հնարավոր կլինի կարճ ժամկետում տեսնել իրենց երկիրն արդեն խաղաղ պայմաններում: Բայց իրադարաձությունները զարգացան այլ սցենարով և շատերն այսօր իրենց ապագան կապում են Հայաստանի հետ, մտածում են այստեղ աշխատանք ունենալու, երեխաներին կրթության տալու մասին», - ասել է վարչապետը:

Հայաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները անում են ամեն ինչ՝ սիրիահայերի համար նոր աշխատատեղեր գտնելու և վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու համար: Վարչապետը հիշեցրել է, որ սիրիահայ երեխաների համար նույնպես բազմաբնույթ ծրագրեր են իրականացվում: Այդ տեսակետից Հայաստանի վարչապետը կարևորել է ամառային ճամբարների կազմակերպումը, որոնց արդյունքում հարյուրավոր սիրիահայ երեխաներ կարողացան առաջին անգամ գալ Հայաստան՝ ծանոթանալ հայրենիքին և հայկական միջավայրին:

Սիրիահայ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման նպատակով Հայաստանի կառավարությունը երիտասարդական հիմնադրամին է հատկացրել մոտ 100 հազար դոլար:
XS
SM
MD
LG