Մատչելի հղումներ

«Արդյո՞ք իրականացվել է այնքան ընտրակեղծիք, որ դրանց ծավալը կարող էր լրացնել երկու թեկնածուների կողմից հավաքված ձայների միջև առկա 22 տոկոս տարբերությունը»

«Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Ջեմյս Բրուքը, հաղորդելով Երևանից, հիշեցնում է, որ պաշտոնական նախնական արդյունքների համաձայն, երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին իրենց ձայնն է տվել ընտրողների 59, իսկ Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին՝ 37 տոկոսը:

«Երեքշաբթի օրը Երևանում մարդիկ քննարկում էին այն հարցը, թե արդյոք իրականացվել է այնքան ընտրակեղծիք, որ դրանց ծավալը կարող էր լրացնել երկու թեկնածուների կողմից հավաքված ձայների միջև առկա 22 տոկոս տարբերությունը», - գրում է Բրուքսը:

Նման ծավալի ընտրակեղծիքների կատարման հնարավորության մեջ համոզված է Րաֆֆի Հովհաննիսյան, ով, հանդես գալով ուղերձով Երևանի Ազատության հրապարակում, շեշտել է, որ Հայաստանում անցկացված ընտրությունների արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների կամքը:

«Ընտրությունների ընթացքում իրականացվել են զանգվածային ընտրակեղծիքներ: Ես եմ Հայաստանի նորընտիր նախագահը», - հավաքը ընթացքում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ժամանակ հատկացնելով Սերժ Սարգյսանին մինչև չորեքշաբթի օրը՝ պարտությունն ընդունելու համար և խոստանալով անցկացնել ևս մեկ հանրահավաք:

Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների համաձայն, կան ընտրատուփերի լցոնման և ձայների հաշվարկների մասին հարյուրավոր հաղորդագրություններ:

Հովհաննիսյանի կողմից կազմակերպված հավաքին ներկա իրավաբան Սառա Անջարգոլյանի համաձայն, խախտումների մասին հաղորդագրությունների հետ ծանոթացել է իրավապաշտպան կազմակերպությունների ֆեյսբույքան էջերին, ապա այցելել է Հովհաննիսյանի ընտրական շտաբ, որտեղ ծանոթացել է այլ ընտրատարածքներից խախտումների մասին ստացվող հաղորդագրություններին:

«Խախտումներն անհամար էին, կատարվել էր ամեն ինչ, սկսած ընտրատուփերի լցոնումներից, և մեկը կամ երկուսը չէին՝ հարյուրավոր քվեաթերթիկներ էին լցոնվում հօգուտ գործող նախագահի: Եվ ահաբեկումներ: Աշխարհի երեսին ամեն հնարավոր բան», - ասել է իրավաբան Անջարգոլյանը:

Սերժ Սարգսյանի գլխավորած՝ իշխանության գլուխ կանգնած Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը սակայն «անկախ Հայաստանի պատմության մեջ ամենալավ քվեարկություն» է անվանել Հայաստանում երկուշաբթի օրն անցկացված ընտրությունները:

«Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը հիշեցնում է, որ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները երեքշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն փետրվարի 18-ի Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները նախորդ նախագահական ընտրությունների համեմատ բարելավվել են, սակայն թեկնածուների սահմանափակ ներկայացվածությունը նշանակում էր, որ ընտրությունները զուրկ էին իրական մրցակցությունից:

Սակայն դիտորդների հայտարարությունն ընդհատել են սրահում գտնվող ցուցարարները, որոնցից մեկը՝ Արթուր Մինասյանը, մեղադրել է դիտորդներին անօրինական քվեարկությունն օրինականացնելու մեջ:
XS
SM
MD
LG