Մատչելի հղումներ

«Հայաստանում նախագահական ընտրարշավի ընթացքում որևէ լուրջ մրցակցություն չի նկատվում». Ռիչարդ Կիրակոսյան


«Գալիք ընտրությունները Հայաստանի քաղաքական պատմության մեջ ամենաքիչ մրցակցային ընտրություններն են լինելու»

Հայաստանում մեկնարկել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավը, որի ընթացքում, ըստ փորձագետների, ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը որևէ լուրջ մրցակից չի ունենա:

«Տարածաշրջանային հետազոտություններ» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի համաձայն, Հայաստանում նախագահական ընտրարշավի ընթացքում որևէ լուրջ մրցակցություն չի նկատվում:

«Գալիք ընտրությունները, ցավոք, Հայաստանի քաղաքական պատմության մեջ ամենաքիչ մրցակցային ընտրություններն են լինելու»՝ «Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Կիրակոսյանը՝ հավելելով. «Այլ կերպ ասած՝ ունենք մի խումբ թեկնածուներ, որոնք ձայների որևէ նշանակալից թիվ ստանալու շատ քիչ հավանականություն ունեն: Ըստ էության՝ նախագահ Սարգսյանը կվերընտրվի»:

Ռիչարդ Կիրակոսյանի համաձայն, նախագահի թեկնածուի մրցակցային դաշտի բացակայությունը նշանակում է, որ ընտրությունների օրը կպահպանվեն առավել բարձր ստանդարտներ, քանի որ «մրցակցության բացակայությունը նշանակում է, որ ընտրությունները շատ ավելի ազատ և արդար կլինեն»:

Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոնի ղեկավարի համաձայն, նման իրավիճակը նոր դժվարություն է ներկայացնում Հայաստանի կառավարության և ներկայիս նախագահի համար, քանի որ այս անգամ ընդդիմադիր որևէ թեկնածու վտանգ չի ներկայացնում:

«Իրական վտանգը ընտրողների մասնակցության և բավարար ձայներ ապահովելու մեջ է», - ասել է Ռիչարդ Կիրակոսյանը՝ համոզվածություն հայտնելով, որ Հայաստանի ընտրողները հետաքրքրված չեն լինելու մասնակցել առանց իրական մրցակցության այս ընտրություններին:
XS
SM
MD
LG