Մատչելի հղումներ

«Հայաստանը մտահոգված է հակամարտությունը վերսկսելու Ադրբեջանի պատրաստակամությամբ». Սերժ Սարգսյան


Հայաստանի նախագահը զգուշացրել է, որ հակամարտության վերսկսման դեպքում հայկական ուժերը անհամաչափ հարված կհասցնեն

«Հայաստանի նախագահի մտահոգությունը հարևան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված հակամարտություն վերսկսելու պատրաստակամությամբ գնալով խորանում է: Նախագահը սակայն զգուշացրել է, որ երկու հարևան պետությունների միջև հակամարտության վերսկսման դեպքում հայկական ուժերը անհամաչափ հարված կհասցնեն»:

Այս մասին «Ուոլ Սթրիտ Ջորնըլ» ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը նշել է նաև, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բանակցային եղանակով լուծման: Հայաստանի նախագահը սակայն նշել է, որ համաշխարհային նշանակություն ունեցող էներգետիկ միջանցքում տիրող լարվածությունն ավելանում է:

«Ցավոք պետք է նշեմ, որ Ադրբեջանը հակամարտությունը վերսկսելու հնարավորության է սպասում: Համոզված եմ՝ նման սխալը վնաս կհասցնի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդին, սակայն հիմնական վնասը կրելու է Ադրբեջանի ժողովուրդը: Մենք լուռ չենք մնա՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ոչնչացման հնարավորության իրավիճակի դեպքում», - ասել է նախագահ Սարգսյանը:

Հայաստանի նախագահն ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Ադրբեջանում հայերի նկատմամբ ստեղծված այլատյացության մթնոլորտին: Սարգսյանի համաձայն, նման մթնոլորտ և ատելությամբ լի ելույթներ խրախուսելը շատ ավելի հեշտ է, քան լուծել նման մթնոլորտի ստեղծման հետևանքները և հետադարձել այս իրավիճակը:

Հարցազրույցում Հայաստանի նախագահը զգուշացրել է նաև, որ Հայաստանի հետ սահմանակից Իրանի դեմ ուղղված հարված հասնելու դեպքում կարող են սկիզբ առնել մի շարք իրադարձություններ, որոնք կարող են նաև հրահրել հակամարտություն Երևանի և Բաքվի միջև: Նրա համաձայն, Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա լարվածության նվազեցման համար կենսական դեր ունի միջազգային հանրության ներգրավվածությունը տարածաշրջանում:

«Եթե ապրեինք միջազգային հանրության ազդեցությունից դուրս գտնվող մեկուսացված տարածաշրջանում, ապա պատերազմն արդեն սկսված կլիներ», - «Ուոլ Սթրիտ Ջորնըլ» ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
XS
SM
MD
LG