Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը շնորհավորանքներ է ստանում վերընտրվելու կապակցությամբ


Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվելու առիթով շարունակում է շնորհավորանքներ ստանալ օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանին ուղղված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Անկեղծ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

Մենք շատ ուրախ ենք, որ վերջին տարիներին Ձեր ղեկավարությամբ Հայաստանում պահպանվում է քաղաքական և հասարակական կայունությունը, տնտեսությունն անընդհատ զարգանում է, ժողովրդի կենսամակարդակը օրեցօր բարձրանում է, արտաքին կապերն անշեղորեն ընդլայնվում են, մեծ հաջողությունների եք հասել երկրի զարգացման գործում:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 21 տարիների ընթացքում, հայ-չինական հարաբերությունները շատ լավ և կայուն զարգանում են: Կողմերի միջև անշեղորեն ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, ընդլայնվում է փոխշահավետ համագործակցությունը, պահպանվում են սերտ կապերը և փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային հարցերում: Չինաստանը և Հայաստանը լավ բարեկամ և գործընկեր պետություններ են: Չինական կողմը հարգում է հայ ժողովրդի ընտրած զարգացման ճանապարհը՝ համապատասխան իր երկրի առանձնահատկություններին, կարևոր նշանակություն է տալիս երկկողմ հարաբերություններին, պատրաստ է հայկական կողմի հետ բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի:

Ցանկանում եմ Ձեր երկրին բարգավաճում և հզորություն, իսկ ժողովրդին՝ երջանկություն:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»:

Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ Հայաստանի նախագահին մաղթելով հաջողություններ գործունեության մեջ: «Հավատում եմ, որ Վրաստանի և Հայաստանի բարեկամական և գործընկերային հարաբերությունները, համագործակցության և վստահության բարձր մակարդակը էլ ավելի կխորանա հանուն մեր երկրների և ժողովուրդների առաջընթացի ու բարեկեցության»,-ասված է Վրաստանի նախագահի ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին վրաց ժողովրդի, Վրաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

«Ցանկանում եմ, որ ձեր հաջողակ գործունեությունն ավելի բեղմնավոր լինի Հայաստանի հզոր և ժողովրդավարական պետության կառուցման գործում:

Համոզված եմ, որ մեր երկու ինքնիշխան պետությունների միջև փոխադարձ հարգանքի, հավասարության և բարեկամության սկզբունքների վրա հիմնված սերտ համագործակցությունը և փոխաջակցությունը ապագայում ևս կշարունակվեն` ի բարօրություն հայ և վրաց ժողովուրդների»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Հայաստանի նախագահին վերընտրվելու առիթով շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԼՂՀ-ի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

XS
SM
MD
LG