Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ ԼեՖորին


Ֆիլիպ Լեֆորը միացել է Եվրամիության ղեկավարների շնորհավորանքներին և հաջողություններ է մաղթել նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնավարման երկրորդ շրջանում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 7-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել ԵՄ-ի և Հայաստանի միջև քաղաքական ակտիվ երկխոսության և համագործակցության դինամիկան, Ասոցացման համաձայնագրի բանակցություններում արձանագրված առաջընթացը: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև բարձրաստիճան փոխայցելությունները, այդ թվում՝ անցյալ տարի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի այցելությունները Հայաստան:

Սերժ Սարգսյանը, ըստ հաղորդագրության, համոզմունք է հայտնել, որ Եվրամիության ղեկավարության և եվրոպական տարբեր կառույցների դրական գնահատականները Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին, մասնավորապես երկրում այս տարվա փետրվարի 18-ին անցկացված նախագահի ընտրություններին, լավ խթան են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

«Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչը նշել է, թե միանում է Եվրամիության ղեկավարների շնորհավորանքներին և հաջողություններ է մաղթում նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնավարման երկրորդ շրջանում, նաև՝ Հայաստանի եվրամերձեցման նախաձեռնություններում», - նշվում է հաղորդագրությունում: - «Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԵՄ-ի համար Հայաստանը կարևոր երկիր է, և այդ երկրում խաղաղությունը, կայունությունն ու ժողովրդավարական գործընթացները նույնքան կարևոր են»:

«Հայաստանի նախագահը և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև տարածաշրջանի զարգացումներին և Հայաստանում հետընտրական գործընթացներին», - եզրափակում է հաղորդագրությունը:

XS
SM
MD
LG