Մատչելի հղումներ

«Էքզիթ-փոլ»-ը վկայում է Սարգսյանի հաղթանակի հնարավորության մասին


Ձայների հաշվարկ Երևանի ընտրատեղամասերից մեկում, 18 փետրվարի, 2013թ.
Ձայների հաշվարկ Երևանի ընտրատեղամասերից մեկում, 18 փետրվարի, 2013թ.

Baltic Surveys/The Gallup-ի կողմից անցկացված «էքզիթ-փոլ»-ի արդյունքներով նախագահ Սարգսյանի օգտին իրենց ձայնն է տվել ընտրողների 58 տոկոսը

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրն անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով ապահովել է իր հաղթանակը, որի արդյունքում նա ևս հինգ տարի կզբաղեցնի նախագահի պաշտոնը»:

Այս մասին հայտնել են միջազգային լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով Baltic Surveys/The Gallup-ի կողմից անցկացված «էքզիթ-փոլ»-ը, որոնց արդյունքներով նախագահ Սարգսյանի օգտին իրենց ձայնն է տվել ընտրողների 58 տոկոսը:

Սարգսյանի ամենամոտ մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, «էքզիթ-փոլ»-ի արդյունքների համաձայն, իրենց ձայնն է տվել ընտրողների 32 տոկոսը:

«Էքզիթ-փոլ»-ն անցկացվել է Հայաստանի 122 ընտրական տեղամասում և ունեցել է 19130 մասնակից:

Հայաստանի ներկայիս նախագահ Սարգսյանն ու իր կողմնակիցները, ըստ հաղորդագրությունների, հույս ունեն, որ այս ընտրությունները կայացած կհամարվեն միջազգային դիտորդների կողմից: Սարգսյանը հույս ունի նաև, որ ընտրությունների անցկացումը թույլ կտա ցույց տալ աշխարհին, որ խորհրդային նախկին հանրապետությունը բռնել է տնտեսական վերականգնման ուղին:

Ընտրությունների ընթացքին հետևող դիտորդները սակայն մտահոգություններ են արտահայտել ժողովրդավարական տեսակետից ընտրությունների արժանահավատության վերաբերյալ, քանի որ Սարգսյանի ամենալուրջ մրցակիցներից ոչ ոք նախագահական այս ընտրությունների ընթացքում իրենց թեկնածությունը չի դրել: Այսպես, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնյաները, որոնք երկիր են այցելել հունվար ամսին, նշել էին, որ ընտրողների շրջանում առկա է անտարբերություն՝ ընտրությունների, և վստահության բացակայություն՝ ընտրական գործընթացի վերաբերյալ:

Հայաստանում կայունության վերաբերյալ մտահոգությունները սրվել էին հունվարի 31-ին, երբ մահափորձ էր կատարվել էր նախագահական թեկնածու, 69-ամյա Պարույր Հայրիկյանի վրա:

Ընտրարշավի սկզբից հացադուլ էր անցկացնում նախագահական թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, որը պահանջել է չեղյալ հայտարարել ներկայիս նախագահի թեկնածությունը, ինչպես նաև կոչ էր արել միջազգային դիտորդներին ընտրությունները բոյկոտելու մասին, իսկ ևս մեկ թեկնածու՝ Արման Մելիքյանը, ասել է, որ չի քվեարկի այսօր անցկացվող ընտրություններում, քանի որ հավատացած է, որ դրանք խեղաթյուրված կլինեն գործող նախագահի օգտին:
XS
SM
MD
LG