Մատչելի հղումներ

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմինների նիստերին


Հանդիպման օրակարգում են եղել հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման, ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Նիստի ընթացքում քննարկվեցին և հավանության արժանացան նույն օրը կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը, որոնք միտված են Կազմակերպության և դրա շրջանակներում համագործակցության առավել ամրապնդմանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, նախարարներն անդրադարձան մինչև 2020 թվականը ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթերի նախագծերի, արտակարգ իրավիճակներում հավաքական արձագանքի համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ-ում Ուզբեկստանի անդամակցությանը, Աֆղանստանում իրավիճակի զարգացման վերաբերյալ կանխատեսումներին:

ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկեցին Կազմակերպության գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցը, տեղեկատվական բնագավառում համագործակցության, կազմակերպչական և ֆինանսական հարցերը, ինչպես նաև համաձայնեցրեցին ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:

Հաղորդագրության համաձայն, հանդիպման օրակարգում են եղել հաջորդ տարի նախատեսվող ՀԱՊԿ-ում Ղրղզստանի նախագահության առաջնահերթությունները, նաև հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման, ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության օպտիմալացման, ահաբեկչության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, արտակարգ իրավիճակներին արձագանքման հարցերը:

Համատեղ նիստի արդյունքում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացվեցին Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը:

XS
SM
MD
LG