Մատչելի հղումներ

«Հայաստանում իրականացված մահափորձը վտանգում է կայունությունը»


Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձի դրդապատճառները դեռևս անհայտ են

«Հայաստանում նախագահի թեկնածուի վրա կատարված մահափորձը կասկածի տակ է դնում այս ամիս նախագահական ընտրությունների անցկացումն ու կարող է վտանգել կայունությունը դեպի Եվրոպա նավթ և գազ առաքող Կովկասյան անկայուն տարածաշրջանում»:

Այս մասին գրում է «Ռոյթերս» գործակալությունը՝ նշելով, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձի դրդապատճառները դեռևս անհայտ են, սակայն դրա պատճառով Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել երկու շաբաթով:

«Սա հարված է՝ ուղղված երկրի ղեկավարության և մեր պետականության դեմ», - խոսելով մահափորձի մասին՝ ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Կայունությունը կենսական նշանակություն ունի Խորհրդային նախկին հանրապետության համար՝ ներդրողներ գրավելու և Ադրբեջանի հետ 1990-ականների սկզբին պարտերազմի և 2008-ից 2009 թվականներին աշխարհում ծավալված ֆինանսական ճգնաժամի հետևանքով վատ կացության մեջ հայտնված տնտեսությունը վերականգնելու անհրաժեշտության պատճառով», - նշված հոդվածում:

«Չեմ կարծում կրակոցն ուղղված է եղել Հայրիկյանի դեմ: Կրակոցն ուղղված է երկրի քաղաքական զարգացման դեմ և նպատակ է հետապնդում ապակայունացնել իրավիճակն ու խարխլել ընտրությունների անցկացումը», - ասել է քաղաքական անկախ վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Ռիչադր Կիրակոսյանը որպես անակնկալ է գնահատում Պարույր Հայրիկյանի վրա իրականացված մահափորձը: Կիրակոսյանի կարծիքով, պարտադիր չէ, որ այն քաղաքական շարժառիթներ ունենա:

«Դա կարող էր լինել հիասթափված, զայրացած անհատի կողմից ձեռնարկված գործողություն», - ասել է Կիրակոսյանը՝ հավելելով. «Հիմնական հարցը՝ ո՞վ է օգուտ քաղել այս ոճրագործությունից, դեռևս պարզ չէ: Այն սակայն կարող է բացահայտել մակերևույթի տակ թաքնված՝ դանդաղ կուտակվող դժգոհության մակարդակը»:

XS
SM
MD
LG