Մատչելի հղումներ

«Apple» ընկերությունը ցածրարժեք «iPhone» մշակելու աշխատանքներ է իրականացնում»


«Ընկերության վրա ուժեղ ճնշում են գործում մրցակիցների կողմից արտադրված՝ «Google» ընկերության մշակած «Android» օպերացիոն համակարգն օգտագործող սարքերը»

«Apple» ընկերությունն աշխատում է ցածրարժեք «iPhone»-ի մշակման ուղղությամբ: Ընկերության քաղաքականության մեջ այս հսկա փոփոխությունն իրականացվում է՝ սմարթֆոնների շուկայում գերիշխող դիրքն աստիճանաբար կորցնելու հետևանքով»:

Այս մասին հաղորդել է ամերիկյան «Ուոլ Սթրիտ Ջորնալ» պարբերականը, որի համաձայն «Apple»-ը, նման սարքավորման հնարավորությունը մի քանի տարի ուսումնասիրելուց հետո, շարունակում է աշխատանքները նման սարք շուկային ներկայացնելու ծրագրերի իրականացման ուղղությամբ: Ցածրարժեք «iPhone»-ն, ըստ պարբերականի, կարող է ներկայացվել արդեն այդ տարվա վերջին:

«Ուոլ Սթրիտ Ջորնալ»-ը, վկայակոչելով «քաջատեղյակ անձանց» կողմից ներկայացված տեղեկությունները, գրում է, որ ցածրարժեք հեռախոսի գինը հնարավոր կլինի նվազեցնել սարքի կաղապարի արտադրության մեջ ավելի ցածր գին ունեցող նյութեր օգտագործելու միջոցով:

Այսպես, ընկերության վերջին՝ «iPhone 5» անվանումը կրող սմարթֆոնի կաղապարը պատրաստված է ալյումինից, մինչդեռ, ըստ պարբերականի, «Apple»-ը նախատեսում է ցածրարժեք հեռախոսի կաղապարի պատրաստման համար օգտագործել պոլիկարբոնատ պլաստիկ նյութեր:

«Ցածրարժեք հեռախոսի արտադրության մեջ կարող են օգտագործվել նաև սմարթֆոնի ավելի հին մոդելների մասեր», - գրում է պարբերականը՝ նշելով նաև, որ «Apple»-ն, այնուամենայնիվ, դեռևս չի հրաժարվել այս նախագիծը դադարեցնելու մտքից:

Ընկերության վրա, ըստ «Ուոլ Սթրիտ Ջորնալ»-ի, ուժեղ ճնշում են գործում մրցակիցների կողմից արտադրված՝ «Google» ընկերության մշակած «Android» օպերացիոն համակարգն օգտագործող սարքերը:

Վկայակոչելով մարքեթինգի և խորհրդատվության ոլորտում գործող «IDC» կազմակերպությունը՝ պարբերականը հիշեցնում է, որ «Apple»-ը, որը 2011 թվականի չորրորդ եռամսյակում և 2012 թվականի առաջին եռամսյակում վերահսկում էր աշխարհում սմարթֆոնների շուկայի 23 տոկոսը, այժմ թուլացրել է իր դիրքերը, ինչի հետևանքով 2012 թվականի երրորդ եռամսյակում ընկերության կողմից շուկայի վերահսկվող բաժնեմասը զգալի անկում է արձանագրել՝ հասնելով 14,6 տոկոս ցուցանիշի:
XS
SM
MD
LG