Մատչելի հղումներ

Եգիպտոսում շարունակվում են նախագահի և սահմանադրության հանրաքվեի դեմ ուղղված ցույցերը


Երկրում բողոքի ակցիաներ են անցկացնում նաև լրատվամիջոցները՝ արտահայտելով իրենց դժգոհությունն այն միջոցների կապակցությամբ, որոնք, ըստ նրանց, սահմանափակում են մամուլի ազատությունը

Եգիպտոսում երեքշաբթի օրն անցկացված երթի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել երկրի նախագահ Մոհամմեդ Մորսիի և երկրում սահմանադրության շուրջ կայանալիք հանրաքվեի կապակցությամբ:

Երկրում բողոքի ակցիաներ են անցկացնում նաև լրատվամիջոցները՝ արտահայտելով իրենց դժգոհությունն այն միջոցների կապակցությամբ, որոնք, ըստ նրանց, սահմանափակում են մամուլի ազատությունը:

Ցուցարարների առաջնորդներ, նախագահական նախկին թեկնածուներ Ամր Մուսան, Համդին Սեբահին և Մոհամեդ ԷլԲարադեյը սահմանադրության նախագիծը հետ կանչելու «վերջին նախազգուշացումն» են տվել Մորսիին: Սահմանադրության նախագիծն ուրբաթ օրը հապճեպ հավանության էր արժանացրել սահմանադրության մշակման հանձնաժողովը, որի աշխատանքներին մասնակցելուց հրաժարվել էին հանձնաժողովի աշխարհիկ, ձախակողմյա և քրիստոնյա ներկայացուցիչները:

Բողոքի երթերից մեկը գլխավորած Ամր Մուսան ասել է, որ դեկտեմբերի 15-ին սահմանադրության ներկայիս նախագիծը քվեարկության դնելը նման է «հասարակական կարծիքի գրգռման»: Նրա համաձայն, հանրաքվե անցկացնելուց առաջ անհրաժեշտ է լուծել առկա տարաձայնությունները, իսկ սահմանադրության նախագիծը մշակող հանձնաժողովի անդամները հրաժարվել էին հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց՝ բավարար քննարկումներ չանցկացնելու պատճառով:

Բացի բնակչության կողմից անցկացվող բողոքի ցույցերի, Եգիպտոսում երեքշաբթի օրն իրենց աշխատանքն են դադարեցրել 11 օրաթերթ՝ այսպիսով արտահայտելով իրենց բողոքը նոր սահմանադրության նախագծի կապակցությամբ, որը, ըստ նրանց, սահմանափակում է մամուլի ազատությունը:

XS
SM
MD
LG