Մատչելի հղումներ

Նախագահ Օբամա. «Ամերիկայի յուրաքանչյուր ծնողի սիրտը ծանրացել է ցավից»

Միացյալ Նահանգների իշխանությունները դեռևս չեն պարզել, թե որոնք են եղել Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի տարրական դպրոցում 20 երեխայի և վեց մեծահասակի սպանդն իրականացրած 20-ամյա զինյալի դրդապատճառը:

Հարյուրավոր սգավորներ ուրբաթ ուշ երեկոյան ժամանել են Նյութաունի եկեղեցի՝ արտահայտելու համար իրենց զգացումները տեղի ունեցածի կապակցությամբ:

Կոնեկտիկուտի նահանգապետ Դենել Մալոյը սգավորների հեն հանդիպման ընթացքում ասել է, թե «այս համայնքն այսօր չարիքն է այցելել»:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շաբաթօրյա իր ուղերձում ասել է, որ Ամերիկայի յուրաքանչյուր ծնողի «սիրտը ծանրացել է ցավից»: Նախագահ Օբաման հորդորել է «իմաստալից գործողություններ» իրականացնել՝ նման ողբերգությունները կասեցնելու նպատակով:

Հանդես գալով ուղերձով Նյու Յորքից ընդամենը 130 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք գտնվող այս փոքր համայնքի դպրոցում ուրբաթ օրը տեղի ունեցած ողբերգությունից անմիջապես հետո, լացակումած նախագահ Օբաման ասել է, որ «մեր սրտներն այսօր կոտրվել են»:

Ականատեսների համաձայն, զինվորական սև համազգեստ կրող զինյալը մուտք էր գործել դպրոց ուրբաթ օրը կեսօրին մոտ, ապա կրակ բացել երկու դասասենյակներում գտնվող երեխաների և նրանց ուսուցիչների ուղղությամբ: Զինյալի գործողությունների զոհ է գնացել նաև դպրոցի տնօրենը:

Պաշտոնյաների համաձայն, որպես Էդամ Լենզա նույնականացված զինյալը մահացել է դեպքի վայրում իրեն հասցված հրազենային վերքերից: Զինյալի մարմնի մոտ հայտնաբերվել է կիսաինքնաձիգ երկու հրացան: Լենզայի մեքենայում ավելի ուշ հայտնաբերվել է ինքնաձիգ:

Իշխանությունների կողմից ներկայացված տվյալների համաձայն, զինյալն իր տանը նախ սպանել է իր մորը, ապա մոր մեքենայով ուղևորվել դպրոց, որտեղ, վկաների համաձայն, կրակ էր բացել՝ առանց որևէ բառ ասելու:

Ոստիկանությունը Նյու Ջերսի նահանգում ուրբաթ օրվա վերջին հարցաքննել է զինյալի հարազատ եղբորը, վերջինս համագործակցում է հետաքննության հետ:

ԱՄՆ-ի հանրապետական կուսակցությունը շաբաթ օրը հադնես չի եկել ուղերձով: Կուսակցության առաջնորդների համաձայն, նման ժամանակներում երկրի անունից պետք է հանես գա նախագահը:
XS
SM
MD
LG