Մատչելի հղումներ

«Նախագահ Օբամայի ամենակարևոր ուղերձը»


ԱՄՆ-ի նախագահի երկրորդ ժամկետի սկզբին Կոնգրեսին ուղղված խոսքը կարող է ձևավորել Միացյալ Նահանգների գալիք մի քանի տարվա քաղաքականությունը

«Պատմական հետաքրքիր պատահականություն է այն հանգամանքը, որ նախագահ Բարաք Օբաման նախագահական իր երկրորդ ժամկետի սկզբին հանդես կգա ԱՄՆ-ի Կոնգրեսին ուղղված իր ուղերձով նախագահ Լինքոլնի ծննդյան օրը՝ փետրվարի 12-ին: Հայտնի է, որ Օբաման հատուկ հարգանքով է վերաբերվում Լինքոլնին. այս տարվա հունվարին անցկացված երդմնակալության արարողության ընթացքում նա նույնիսկ երդում է ընդունել Լինքոլնի անձնական Աստվածաշնչի վրա»:

ԱՄՆ-ի նախագահի Կոնգրեսին ուղղված ուղերձին Վաշինգտոնում օտարերկրյա մամուլի կենտրոնում խոսել է Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ալեն Լիխթմանը: Լիխթմանի համաձայն, հստակ կարելի է ասել մի բան՝ նախագահ Օբաման, երեքշաբթի օրը դիմելով Կոնգրեսին, կփորձի ձևակերպել ազգային և արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղությունները:

«Նախագահ Օբամայի կարևորագույն խնդիրը ներքին քաղաքականության մանր հարցերի վրա կենտրոնանալը չե. դրանք կարող են անելիքների տխուր թվարկման վերածել ուղերձը: Նա պետք է ժողովրդի առջև լայն հորիզոններ բացի, գլոբալ հեռանկար ներկայացնի», - ասել է Լիխթմանը:

Ամերիկյան համալսարանի պրոֆեսորի համաձայն, երեքշաբթի օրը Կոնգրեսին ուղղված խոսքը կարող է դառնալ նախագահ Օբամայի կարիերայի ամենագլխավոր ուղերձը: Նրա կարծիքով, հենց այս ուղերձում Օբաման կկարողանա ուրվագծել գլոբալ բարեփոխումներն ու ձևակերպել իր վարչակազմի ապագա ձեռքբերումները:

Լիխթմանի համաձայն, նախագահ Օբաման իր ուղերձի հիմնական մասի չի նվիրելու արտաքին քաղաքականությունը՝ չնայած Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանն անդրադարձ կկատարվի: Նրա կարծիքով, ուղերձը հիմնականում նվիրված կլինի երկրի ներքին ամենահրատապ խնդիրներին՝ սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումներին, ռազմական բյուջեին, հարկային օրենսդրությանը և համաշխարհային տաքացման խնդրի հետ պայքարին:

Պրոֆեսոր Լիխթմանի կարծիքով, Օբաման անդրադարձ կկատարի նաև ներգաղթային համակարգի բարեփոխումներին, հրազենի վերահսկման և կրթության թեմաներին:

ԱՄՆ-ի Կոնգրեսին ուղղված հրապարակային ուղերձով առաջին անգամ հանդես է եկել ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը 1790 թվականին: Թոմաս Ջեֆերսոնը 1800 թվականին որոշել էր, թե հրապարակային ուղերձը չափազանց «արքայական» բնույթ ունի և առաջարկել է այն գրավոր ներկայացնել: Նախագահ Վուդրո Ուիլսոնը, որը, ի թիվս այլոց, հայտնի էր հռետորի իր ունակություններով, 1913 թվականին վերականգնել էր ԱՄՆ-ի նախագահի կողմից Կոնգրեսին ուղղված ուղերձով հանդես գալու ավանդույթը:
XS
SM
MD
LG