Մատչելի հղումներ

Ադրբեջանի նախագահը կոռումպացվածության առումով «Տարվա մարդ» է անվանվել


«Մրցանակային տեղեր» զբաղեցրել են նաև ալբանացի «թմրաբարոնը», Ուզբեկստանի և Ռուսաստանի նախագահները

«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ» (OCCRP) կազմակերպությունը սահմանել է «Կազմակերպված հանցավորության և կոռումպացվածության տարվա գործիչ» կոչումը, որին արժանացած առաջին գործիչը դարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Կազմակերպության կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն, կոչումը տրվում է այն անձանց, որոնք 2012 թվականի բազմիցս հիշատակվել են կազմակերպության գործունեության վայր հանդիսացող տարածքում գործող լրատվամիջոցների կողմից հանցավորության ու կոռուպցիային նվիրված հաղորդագրություններում:

«Ալիևն ընտրվել է, քանի որ հրապարակվել են նոր բացահայտումներ այն մասին, թե ինչպես իր ընտանիքը պետական կազմակերպությունների օգնությամբ դարձել է գրավիչ ոլորտներում, ներառյալ հեռահաղորդակցման, հանքային նյութերի արդյունահանման և շինարարության ոլորտները, գործող կազմակերպությունների խոշոր բաժնետերը», - ասված է նախագծի կայքէջում:

Ըստ «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ» կազմակերպության, այս կոչումը շնորհվել է կազմակերպության հետ համագործակցող 60 լրագրողների և 15 լրատվամիջոցների որոշմամբ: «Մրցանակային տեղեր», ըստ կազմակերպության, զբաղեցրել են նաև Ալբանիայում թմրամիջոցների անօրինական վաճառքների ոլորտում գործող «թմրաբարոն» Նասեր Քելմենդին, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Սարաևոյից և Բուխարեստից իր գործունեությունն իրականացնող «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ»-ը հասարակական կազմակերպություն է, որն աշխատում է ավելի քան 20 երկրներում գործող հետաքննող անկախ կենտրոնների, լրատվամիջոցների և հետաքննող լրագրողների հետ՝ կոնսորցիումի սկզբունքով: Կազմակերպությունը նպատակ է հետապնդում տեղեկացնելու աշխարհի ընթերցողներին կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին:

XS
SM
MD
LG