Մատչելի հղումներ

Մարդու իրավունքների մասին ԱՄՆ-ի արտգործնախարարության ամենամյա զեկույցը


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է 2ՕՕ8 թվականին աշխարհի 19Օ երկրներում մարդու իրավունքների կացության մասին իր ամենամյա զեկույցը։


Ըստ զեկույցի, անցած տարի մարդու իրավունքների պաշտպանությունը ցածր մակարդակի վրա է մնացել Չինաստանում ու որոշ առումով՝ նույնիսկ վատթարացել։ Կալանավորվել են ավելի մեծ թվով այլախոհներ, իսկ բանտերում ավելի են տարածվել խոշտանգումները։


Ռուսաստանն արժանանում է քննադատության՝ Վրաստանի հետ պատերազմի ու դրա հետեւանքով՝ մեծաթիվ զոհերի համար։


Ամենամեծ ոտնահարումները, ըստ պետդեպարտամենտի զեկույցի, գրանցվում են այն երկրներում, որտեղ կառավարողներն ունեն անվերահսկելի իշխանություն, եւ այնտեղ, որտեղ տապալվում են կառավարությունները։

Սոմալիում, Սուդանում ու Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում կառավարական ու հակակառավարական ծայրահեղ խմբավորումների միջեւ ընթացող բախումները դարձել են մարդու իրավունքների լայնածավալ ոտնահարումների պատճառ։
Զեկույցը դատապարտում է ընդդիմության անդամներին պարբերաբար ահաբեկելու ու սպանելու Զիմբաբվեի կառավարության փորձառությունը։
Մարդու իրավունքները շարունակում են անկում ապրել Հյուսիսային Կորեայում, որտեղ կառավարությունը վերահսկում է մարդկանց կյանքի բոլոր բնագավառները։


Իրանում, ասված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցում, կառավարությունը զարկ է տվել մտավորականությանը, լրագրողներին ու այլախոհներին ահաբեկելու իր արշավին։ Շարունակվում են ձերբակալությունները, խոշտանգումներն ու գաղտնի դատավարությունները։

Ադրբեջանում մարդու իրավունքները 2ՕՕ8 թվականին մնացել են խղճուկ վիճակում, որոշ բնագավառներում՝ ավելի վատթարացել։ Մարդիկ այստեղ զրկվել են կառավարությունը խաղաղ եղանակով փոխելու իրավունքից։ Շարունակվել են ընդդիմության անդամների ձերբակալությունները։


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցը շեշտում է Վրաստանում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղ գտած ճնշումներն ու կեղծումները, նշում կալանատներում ու բանտերում խղճուկ իրավիճակը, քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները։


Անդրադառնալով Հայաստանում նախագահական ընտրությունների ու դրանից հետո անցած ամիսների իրադարձություններին՝ մարդու իրավունքների կացության մասին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի 2ՕՕ8 թվականի ամենամյա զեկույցը գտնում է, որ 2ՕՕ8 թվականին Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում կտրուկ վատթարացել է։


Զեկույցը չի գնահատում ԱՄՆ-ում մարդու իրավունքների պաշտպանությունը, սակայն այն ակնարկում է, օրինակ, Գունատանամոյի բանտում առանց դատավարության կալանավորներ պահելու Բուշի վարչակազմի փորձառությունը ու ընդունում այդ պատճառով ԱՄՆ-ի նկատմամբ առկա քննադատությունները։


XS
SM
MD
LG