Մատչելի հղումներ

Ամերիկահայությունը լավատեսորեն է տրամադրված նորընտիր նախագահի պաշտոնավարության նկատմամբ


2008 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում ամերիկահայերը կազմեցին հանձնախմբեր ՛՛Հայերը Օբամայի համար՛՛ կարգախոսով, նպատակ ունենալով Օբամայի գլխավոր հանձնախմբին տեղեկացնել, թե որոնք են ամերիկահայերի գլխավոր մտահոգությունները այս ընտրություններում, ինչպես նաեւ զբաղվել տարբեր նահանգներում հայ համայքներին Օբամայի ընտրարշավային ծրագրերին ծանոթացնելու գործով։
Վաշինգտոնում անկախ քաղաքական վերլուծաբան եւ Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Գրեգ Աֆտանդիլյանը այդ հանձնախմբերից մեկում աշխատել է որպես կամավոր։
՝՝Բարակ Օբաման ազդեցիկ հայտարարություններով է հանդես եկել հայոց ցեղասպանության ճանաչման օգտին եւ դրանով իսկ նա շահել է ամերիկահայերի մեծամասնության քվեները։ Նա խոսել է նաեւ հայ ամերիկյան հարաբերությունները ամրապնդելու մասին, որպես մասը ամերիկյան արտաքին քաղաքականության կովկասյան տարածաշրջանում՝՝, Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում ասաց Աֆտանդիլյանը։
Բարակ Օբաման ըմբռնում է հայ ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը եւ չի ակնկալվում, որ Հայաստանին տրվող օգնությունը Օբամայի օրոք կնվազի, սակայն զգուշացնում է, որ այդ օգնությունը կարող է նվազել ԱՄՆ-ի տնտեսական ճգնաժամի հետեւանքով, ասաց Աֆտանդիլյանը։
Մերձավոր Արեւելքի նկատմամբ Օբամայի քաղաքականության մասին խոսելիս Գրեգ Աֆտանդիլյանը շեշտեց այն փաստը, որ Օբաման նախորդ վարչակազմից ժառանգում է չափազանց բարդ խնդիրներ։
Ամերկահայ համայնքի ավելի քան 85 տոկոսը աջակցել է Օբամային ընտրարշավի ընթացքում, հիմնականում հայկական հարցերի օգտին վերջինիս հստակ դիրքորոշման համար։ Աֆտանդիլյանի կարծիքով, ամերիկահայերը որպես այս երկրի լիիրավ քաղաքացիներ, Օբամային նաեւ վստահում են արտաքին քաղաքականության բնագավառում, նկատի ունենալով, որ դա կբարելավի ԱՄՆ-ի հեղինակությունը ամբողջ աշխարհում։
Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին նշեց, որ հատկապես հետաքրքրված է հայոց ցեղասպանության ճանաչման հարցով.
՝՝2008 թվականի ընթացքում Բարակ Օբաման հայտարարեց, թե պաշտպանում է հայոց ցեղասպանության ճանաչման եւ ապագայ ցեղասպանությունների կանխման հարցը։ Մենք ցանկանում ենք նոր սկիզբ արձանագրել նոր վարչակազմի հետ։ Մեր նպատակն է լուսաբանել հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը եւ ամերիկյան օգնությունը Հայաստանին ու ընդհանրապես տարածաշրջանին մեծացնելու կարեւորությունը՛՛, ասաց Արդունին։
Արդունու կարծիքով ամերիկյան ներքին եւ արտաքին քաղաքականության բնագավառում փոփոխություններ մտցնելու Օբամային խոստումները միջազգային նոր հնարավորությունների դուռ կբացեն։
՝՝Մենք նոր հնարավորությունների առջեւ ենք կանգնած, նոր կոնգրեսի ե նոր նախագահի առումով։ Այդ նպատակով Հայկական համագումարը այս տարվա Մարտ ամսին իր ամենամյա խորհրդաժողովը կկայացնի Վաշինգտոնում։ Այդ ընթացքում կարծարծվեն թե՛ ցեղասպանության ճանաչման հարցը եւ թե՛ Հայաստանին տրվող ամերիկյան օգնության ծավալման եւ ամերիկահայ հարաբերությունների ամրապնդման հարցերը՝՝, ասաց Արդունին։
Հունվարի 2Օ-ին Օբաման հանդիսավոր արարողությամբ կստանձնի այս երկրի 44-րդ նախագահի պաշտոնը։ Մնում է սպասել եւ տեսնել, թե մեծամասնաբար Օբամայի օգտին քվեարկած ամերիկահայությունը որքանով գոհ կմնա իր ընտրությունից։

Նմանատիպ

XS
SM
MD
LG