Մատչելի հղումներ

Հինգ տարի առաջ նախագահ Բուշը հայտարարել էր. ՝՝Իրաքում մեր առաքելությունն ավարտված է՝՝


Հինգ տարի առաջ, այս շաբաթ, նախագահ Բուշը կանգնելով ամերիկյան ռազմանավի տախտակամածին հայտարարեց, թե գլխավոր մարտական գործողություններն Իրաքում ավարտված են։ Այժմ քաղաքական որոշ վերլուծաբաններ ասում են, որ այդ գործողությունները ոչ միայն ավարտված չեն, այլ նաեւ կարող են շարունակվել հաջորդ մի քանի տարիներին ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնավարության ընթացքում։

2ՕՕ3 թվականի Մայիսի մեկին նախագահ Բուշը Յու ԷՍ ԷՍ Աբրահամ Լինքոլն ռազմանավի վրա ունեցած ելույթում հայտարարեց.

՛՛Իրաքում ավարտվել են գլխավոր մարտական գործողությունները։ եւ Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները հաղթել են՝՝։

Սակայն անցել է հինգ տարի եւ մոտ 14Օ.­­ՕՕՕ ամերիկյան զորքեր դեռեւս տեղակայված են Իրաքում։ Իրաքյան պատերազմում զոհվել են ամերիկյան զինուժի ավելի քան 4ՕՕՕ անդամներ, իսկ հատվածախմբական կռիվներում զոհված իրաքցիների թիվը հարյուրավոր հազարների է հասնում։

Վերլուծաբան Անթոնի Քորդեսմանի կարծիքով Միացյալ Նահանգները Իրաքում հակա-ապստամբական կռիվներ չէր ակնկալում.

՛՛Հաղթանակել հնարավոր է, սակայն համբերություն է անհրաժետ։ Զինծառայողներն ըմբռնում են, որ ամերիկյան ռազմական ներգրավվածությունը Իրաքում հավանաբար շարունակվի նաեւ հաջորդ վարչակազմի ղեկավարության ընթացքում՝՝։

Քորդեսմանի համաձայն, ամերիկյան զինուժի դուրս բերումից հետո էլ ամերիկյան օդուժն ու ցամաքային ուժերը կշարունակեն օգնել Իրաքյան զինվորականությանը։

Իրաքի պատերազմը դարձել է ամերիկյան նախագահական քարոզարշավի գլխավոր թեմա ։

Հանրապետական սենատոր Ջոն Մքքեյնն ասում է, թե պաշտպանում է ներկա քաղաքականությունը Իրաքում, բայց կցանկանար, որ Իրաքը այլեւս ամերիկյան զինուժի կարիքը չունենար.

՛՛Ես նաեւ այն կարծիքին եմ,, որ մեր ուժերի հեռացումը կհանգեցնի քաղաքական եւ բարոյական ղեկավարության ձախողման՝՝։

Բարակ Օբաման խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում 16 ամսվա ընթացքում Իրաքից դուրս բերել մարտական գործողությունների բոլոր ստորաբաժանումները.

՛՛Երբ Ջոն Մքքեյնն ասում է, որ պատերազմը Իրաքում հաջող է եւ խոսում է այն շարունակելու մասին, առանց ուժերի դուրս բերման ծրագրի, եւ երբ նա խոսում է պատերազմը գուցե հարյուր տարի եւս շարունակելու մասին, կարծում եմ ամերիկյան ժողովուրդը հասկանում է, որ ի վիճակի չէ այդ տեսակետը պաշտպանելու՝՝։

Դեմոկրատ սենատոր Հիլարի Քլինթընը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ամերիկյան զինուժը Իրաքից դուրս բերել 6Օ օրվա ընթացքում.

՛՛Մենք պետք է վերականգնենք ամերիկյան ղեկավարությունն ու բարոյական հեղինակությունը եւ դա կանենք Իրաքի պատերազմին վերջ դնելով եւ մեր ուժերն այնտեղից դուրս բերելով՝՝։

՝՝Ամերիքըն Էնթըրփրայզ՝՝ հաստատության վերլուծաբան Ջոն Ֆորթիըրի համաձայն հակապատերազմական տրամադրությունները դեմոկրատական կուսակցության օգտին են.

՛՛Գնալով աճող թվով մարդիկ են ասում, որ հենց սկզբից էլ պատերազմը լավ գաղափար չէր։ Դեմոկրատների հեղինակությունը պատերազմի խնդրում գերազանցում է հանրապետականների հեղինակությանը։

Սակայն Ֆորթիըրն ասում է, որ մեծ թվով ընտրողներ գերադասում են Մքքեյնի ղեկավարի կարողությունները։ Ֆորթիըրն ավելացնում է, որ ամերիկյան հանրության կարծիքը դյուրափոխ է, եւ կախված է Իրաքում բռնությունների մակարդակից։ Իրաքի հողի վրա տեղի ունեցող դեպքերը կարող են սահմանափակել ցանկացած նախագահի որոշումներ կայացնելու կարողությունները։

XS
SM
MD
LG