Մատչելի հղումներ

Նախագահ Բուշը դրվատել է Ուկրայինայի ժողովրդավարությունը


Ուկրաինայում Նախագահ Բուշի ժամանման առթիվ հանդիսավոր արարողությունից հետո, երկու երկրների նախագահները եւ նրանց բարձրաստիճան օգնականները հանդիպեցին ՆԱՏՕ-ի անդամակցության համար Ուկրաինայի ծրագիրը քննարկելու համար։

՛՛Իմ դիրքորոշումն այս հարցում միանգամայն հաստատուն է։ Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության հայցը պե՛տք է ընդունվի՛՛, ասել է նախագահ Բուշը։

Մամլո համատեղ ասուլիսում նախագահ Բուշը դրվատեց Ուկրաինայի երիտասարդ ժողովրդավարությունը։ Նա ասաց, որ եթե ՆԱՏՕ-ի դաշինքը Ուկրաինային տրամադրի անդամակցության նախապայմանների որոշակի ցանկ, ապա դա կօգնի նաեւ Ուկրաինայում բարեփոխումների իրագործման ջանքերին.

՛՛Ձեր երկիրը համարձակ որոշում է կայացրել եւ Միացյալ Նահանգները լիովին պաշտպանում է ձեր առաջարկը՝՝։

Նախագահ Յուշչենկոն ասել է, թե վստահ է, որ ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի հայցը կբավարարվի։

՛՛Ես հավատացած եմ, որ պաշտպանության հարցերում հավաքական պատասխանատվությունը լավագույն պատասխանն է այսօրվա մարտահրավերներին՝՝, ասել է նախագահ Յուշչենկոն։

Սակայն, դիտորդների կարծիքով Ուկրաինայի անդամակցությունը դժվար թե հաստատվի ՆԱՏՕ-ի կողմից։ Մի քանի անդամներ, ներառյալ Ֆրանսիան եւ Գերմանիան հայտարարել են, թե չեն կարծում, որ Ուկրաինան եւ Վրաստանը պատրաստ են ՆԱՏՕ-ին միանալու։

Ռուսաստանը ճնշումներ է բանեցնում այդ երկրների վրա, առարկելով ՆԱՏՕ-ն դեպի Արեւելք ընդարձակելու ծրագրերին։ Նախագահ Բուշը, դիտել տալով , թե Ռուսաստանը այդ հարցում վետոյի իրավունք չունի, հերքել է այն ենթադրությունները, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ինքը կայացրել է մի համաձայնություն, ըստ որի Միացյալ Նահանգները կմեղմի իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ընդարձակման հարցում, ի դիմաց ամերիկյան զիջումների Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման ծրագրերում։

՛՛Դա թերըմբռնում է։ Ես համոզված եմ, որ ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի եւ Վրաստանի հայցը պետք է հաստատվի։ Ուստի որեւէ փոխզիջում չկա եւ վերջ՝՝, ասել է նախագահ Բուշը։

ՆԱՏՕ-ի անդամակցությանը առարկում են նաեւ Ուկրաինայում ռուսական ծագմամբ ուկրաինացիները։ Կիեւում նախագահ Բուշը փորձել է հանդիպել Ուկրաինայի ժողովրդի հետ։ Նա այցելել է պատմական Սուրբ Սոֆիայի տաճարը եւ 1933 թվականի սովի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Նա այցելել է նաեւ միջնակարգ մի դպրոց, ուր աշակերտները ներկայացրել են ՁԻԱՀ հիվանդության իրազեկությունը բարձրացնող բեմադրություն։

Նախագահ Բուշի Ուկրաինա կատարած այցելությունը տեւել է նվազ քան 24 ժամ։ Սակայն, վերլուծաբանների կարծիքով, նախագահին հաջողվել է այդ կարճ ժամանակամիջոցում վերահաստատել իր աջակցությունը ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի ցանկությանը։

XS
SM
MD
LG