Մատչելի հղումներ

Քոնդոլիսա Ռայսն ու Ռոբերտ Գեյթսը Մոսկվայում


Միացյալ Նահանգների Արտգործնախարար Քոնդոլիսա Ռայսը եւ Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը գտնվում են Մոսկվայում, Եվրոպայում հակահրթիռային համակարգի տեղակայման ամերիկյան ծրագիրը քննարկելու համար։ Ռոբերտ Գեյթսն ասել է, թե իրեն զարմացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա իրավահաջորդ Դմիտրի Մեդվեդեւի դրական տրամադրությունը հանդիպման ընթացքում։

Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնատարները խոստացան համագործակցել։ Մյուս կողմից, սակայն, երկու երկրները տարակարծիք են Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային համակարգ տեղակայելու ամերիկյան ծրագրի շուրջ։

Քոնդոլիսա Ռայսն ասաց, թե ինքը հուսով է, որ ռուս գործընկերների հետ իր եւ Ռոբերտս Գեյթսի քննարկումները կամրապնդեն երկու երկրների փոխհարաբերությունները։

Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, թե Ռուսաստանը ամեն ինչ կանի, որպեսզի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բնականոն հունով շարունակվեն, երբ գարնանը Վլադիմիր Պուտինը նախագահության պաշտոնը փոխանցի իր հաջորդին։

Քոնդոլիսա Ռայսի Մոսկվա կատարած այցելության օրակարգի մաս էր կազմում նաեւ մի հանդիպում, որի նպատակն էր ընդգծել ռուս-ամերիկյան հարաբերություննների լարվածությունը, քաղաքական եւ տնտեսական ուժը Կրեմլում կենտրոնացնելու նախագահ Պուտինի գործելակերպի առնչությամբ։

Ռայսը եւ Գեյթսը հանդիպեցին նաեւ ոչ կառավարական ղեկավարների, ներառյալ քաղաքական ընդդիմության անդամների հետ։ Ռայսն ասաց, թե ցանկանում է տարբեր կարծիքներ լսել Ռուսաստանում քաղաքական զարգացումների եւ իշխանության փոխանցման վերաբերյալ։

Ռայսը նաեւ ասաց, որ ցանկանում է պարզել, թե Միացյալ Նահանգներն ինչպես կարող է նպաստել Ռուսաստանում առավել թափանցիկ եւ բազմակողմանի համակարգի ստեղծմանը եւ խրախուսել տնտեսական ու ձեռնարկատիրական զարգացումները։

Ռայսն ու Գեյթսը Մոսկվայում հանդիպել են նաեւ Յաբլոկո կուսակցության ղեկավար եւ ընդդիմադիր գործիչ Գրիգորի Յավլինսկիի հետ։ Վերջինս ի նշան բողոքի հրաժարվել էր Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելուց, հնարավորություն տալով, որ Պուտինի կողմից հովանավորվող Դմիտրի Մեդվեդյեւը անարգել հաղթանակ ապահովի։

Գեյթսն ու Ռայսը հուսով են, որ ամերիկյան զիջումները կմեղմեն Պուտինի դիրքը հակահրթիռային պաշտպանության համակարգի հարցում, եւ երկու երկրներին կմոտեցնեն սպառազինության վերահսկման նոր համաձայնության, որը կփոխարինի Ռեյգանի օրերին ստորագրված նախկին համաձայնությանը։

Ակնկալվում է որ նախագահ Ջորջ Բուշը Պուտինի հետ կհանդիպի առաջիկա ամիս կայանալիք ՆԱՏՕ-յի վեհաժողովում։ Սակայն Ռայսի հանդիպումը եզրափակում է, որպես նախագահ Պուտինի հետ բանակցությունների վերջին փուլը։

Ռուսաստանը տասնամյակներ շարունակ քննադատել է Միացյալ Նահանգների հակահրթիռային պաշտպանության ծրագիրը, սակայն այդ ընդդիմությունը նոր թափ ստացավ, երբ նախագահ Բուշի վարչակազմը բանակցություններ սկսեց Լեհաստանի եւ Չեխիայի Հանրապետության հետ, այդ երկրներում հակահրթիռային համակարգերի տեղակայման շուրջ։

Ռուսաստանը պնդում է թե այն սպառնալիք է միջուկային զենքերի կանխարգելման իր երկրի ծրագրերին։

Նմանատիպ

XS
SM
MD
LG