Մատչելի հղումներ

ԱՄՆ նախագահի աթոռի համար ընտրապայքարում թեկնածուներից Քենեդի-կրտսերը կարող է խառնել հաշիվները


Ռոբերտ Քենեդի-կրտսեր
Ռոբերտ Քենեդի-կրտսեր

Թրամփի և Բայդենի նախընտրական արշավներում հնչող կարծիքները սակավ տեղերում են համընկանում։ Այդ քիչ հարցերից է ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Էֆ․ Քենեդի-կրտսերին վերաբերողը, որը, Սպիտակ տան ներկայիս ու նախկին ղեկավարների թիմերի կարծիքով, կարող է խառնել հաշիվները։

Ամերիկյան ընտրողների մոտ կեսի ներկայացմամբ, հնարավորության դեպքում քվեաթերթիկներից դուրս կթողներ Բայդենի ու Թրամփի աուննները և կավելացներ Քենեդի-կրտսերինը։

«Եթե պատկերացնեք, թե ինչ տեսք կունենա այս երկիրը նոյեմբերին, եթե հաղթեն նախագահ Թրամփը կամ նախագահ Բայդենը․․․, [երկրում] բաժանված վիճակը կշարունակվի, զայրույթը, քաոսը, բևեռացումը կսրվեն։ Այս ամենին վերջ տալու միակ ճանապարհը՝ իմ ընտրվելն է»,- ասում է Քենեդի-կրտսերը:

Անբուժելի նյարդային խանգարման պատճառով ծանր ձայնով հանդես եկող Քենեդին Դեմոկրատական կուսակցության փրայմերիզներում համարձակ մարտահրավեր նետեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:

«Ռոբերտ Քենեդի-կրտսերը չի լինելի [երկրի] հաջորդ նախագահը»,- ասում է Ջորջթաունի համալսարանի կառավարման գծով դոցենտ Հանս Նոելը:

«Թե՛ Բայդենի, թե՛ Թրամփի նախընտրական թիմերին անհանգստացնում է քվեաթերթիկում Քենեդիի հայտնվելու հավանականությունը, հատկապես՝ այսպես կոչված, տատանվող նահանգների պարագայում, ուր ընդամենը մի քանի հազար ձայնը կարող են փոխել արդյունքը: Իսկ եթե այդ նահանգը բավականաչափ մեծ է, ապա այն կարող է փոխել մրցավազքի արդյունքը»,- շարունակում է Նոելը:

«Յուրաքանչյուր նահանգի քվեաթերթիկներում կգտնեք իմ անունտ։ Մինչ հուլիս կլինեմ բոլոր նահանգների քվեաթերթիկներում»:

ԱՄՆ նախագահի հիմնական թեկնածու չհանդիսացող մյուսների համեմատ, որոնցից ոմանց անունները կան որոշ նահանգների քվեաթերթիկներում, Քենեդի-կրտսերի ազգանունը հանրածանոթ է Միացյալ Նահանգներում։ Նրա հայրը Բոբի Քենեդին էր, ով 1968 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատների հիմնական թեկնածուն էր՝ մինչ սպանվելը: Հորեղբայրը՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին էր, ում, ինչպես հայտնի է, սպանեցին 1963 թվականին:

«Քենեդիների ընտանիքը ամենևին էլ ուրախ չէ, որ նա առաջադրվել է, և նրանք ջանք են գործադրել, որպեսզի այդ մասին հայտնի դառնա»,- ասում է Նոելը:

Այդ մասին ասվեց անգամ այն ժամանակ, երբ նախագահ Ջո Բայդենը շրջապատված էր Քենեդի ընտանիքի անդամներով:

«Ցանկանում ենք հստակ ասել, որ Ամերիկայի համար առաջընթացի լավագույն տարբերակը Ջո Բայդենին և Քամալա Հարիսին ևս չորս տարով ընտրելն է»,- ասաց Քենեդի-կրտսերի քույրը՝ Քերի Քենեդին:

Քենեդիի ուրույն տեսակետները մարդկանց պատվաստման, Covd-19-ի ծագման և հարազատ հոր ու հորեղբոր սպանությունների մասին, ըստ պրոֆեսոր Նոելի, որոշակիորեն ընդլայնել են նրա կողմնակիցների թիվը:

«Քենեդին շատ ավելի հայտնի է հանրապետականների շրջանում, քան դեմոկրատների: Հավանաբար, հիմնականում այն պատճառով է, որ դեմոկրատ է կամ նախկին դեմոկրատ, ով վատ բաներ է ասում մյուս դեմոկրատների մասին: Հանրապետականները սիրում են լսել նման բաներ, և նրանք կարծում են, որ այն հետաքրքիր է, բայց, [իհարկե], չեն պատրաստվում քվեարկել նրա օգտին՝ Դոնալդ Թրամփի պատճառով»,- հավելում է Նոելը:

Վերջում նշենք, որ Քենեդի-կրտսերի թիմը մերժել է կազմակերպել իրենց թեկնածուի հարցազրույցը «Ամերիկայի ձայնին»՝ նշելով, թե «որոշվել է այս պահին հարցազրույցներ տալ միայն ամերիկյան այն լրատվամիջոցներին, որոնց լսարանը ամերիկացիներն են»:

XS
SM
MD
LG