Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն հայտարարել է շտապ կարգով Ուկրաինային 1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին


Առաջիկա օրերին Միացյալ Նահանգներն Ուրաինա է առաքելու մինչև 1 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնություն
Առաջիկա օրերին Միացյալ Նահանգներն Ուրաինա է առաքելու մինչև 1 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնություն

Առաջիկա օրերին Միացյալ Նահանգներն Ուրաինա է առաքելու մինչև 1 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնություն՝ ԱՄՆ Սենատում Կիևի համար նախատեսված աջակցության փաթեթի ընդունումից ու այն նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրվելուց անմիջապես հետո «Ամերիկայի ձայնին» ասել են Պենտագոնի երկու անանուն պաշտոնյաներ:

Փաթեթում ներառված են HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռներ, հրանոթային՝ 155 միլիմետր տրամաչափի արկեր, Bradley հետևակի մարտական մեքենաներ, Javelin հակատանկային ու Stinger հակաօդային պաշտպանության միջոցներ և այլ զինատեսակներ՝ մանրամասնել են պաշտոնյաները:

Մյուս կողմից՝ Սպիտակ տան բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսքով, նախագահ Ջո Բայդենը դեռ մի քանի շաբաթ առաջ էր հրամայել Պենտագոնին ամերիկյան սպառազինությունը մատակարարել Լեհաստան ու Գերմանիա՝ Ուկրաինային ավելի մոտ, քանզի ակնկալվում էր, որ Կիևի համար նախատեսված ամերիկյան աջակցության փաթեթը, ի վեջո, կստանա ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը՝ ճանապարհ բացելով Ուկրաինա անհապաղ առաքումների համար:

Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերն ասել է, որ ԱՄՆ-ն ի վիճակի է տրամադրել ակնկալվող օգնությունը «օրերի ընթացքում»։ Հավելել է՝ փաթեթը, հավանաբար, կներառի հակաօդային պաշտպանության և հրետանային միջոցներ:

Հիշեցնենք, ամիսներ տևած քննարկումներից հետո՝ անցած շաբաթ օրը ԱՄՆ Ներկայացուցիչների տունն ընդունեց չորս մասից բաղկացած և 95 միլիարդ դոլար պարունակող արտաքին օգնության փաթեթը, ըստ որի աջակցություն է ցուցաբերվելու Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին:

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը օրինագիծն այնպես էր կազմել, որ Ներկայացուցիչների տան վավերացումից հետո դրանք հանդես գան որպես մեկ-միասնական փաթեթ՝ նման կերպ կանխելով որևէ մասի դուրս մնալը: Ամիսներ շարունակ Ջոնսոնը հրաժարվում էր քվեարկության դնել օգնության փաթեթը:

Այդ ընթացքում՝ այս փետրվարին Սենատն ընդունել էր Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելու մի օրինագիծ:

Ներկայացուցիչների տանը ընդունված օրինագիծը 61 միլիարդ դոլար է նախատեսում Կիևին, 26 միլիարդ դոլար՝ Իսրայելին և 8 միլիարդ դոլար՝ Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար:

Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ էր արել Սենատին «արագ դնել այդ փաթեթն իր սեղանին՝ ստորագրելու համար»:

Չորեքշաբթի օրը փաթեթը ստորագրելիս ազգին ուղղված իր ուղերձում Բայդենն ասաց, որ դրանում ներառված օրինագծերը Ամերիկան և աշխարհն ավելի անվտանգ կդարձնեն:

«Սա հիանալի օր է երկրագնդի վրա խաղաղության համար»,- հայտարարել է նախագահը` հավելելով, որ ձեռնարկված միջոցներն ուղղակիորեն համահունչ են ամերիկյան ազգային անվտանգության շահերին ... Ուկրաինան այժմ կամք և փորձ ունի հաղթանակ ապահովելու համար»,- ընդգծել է Բայդենը՝ հավելելով, որ զենքի և տեխնիկայի մատակարարումները Ուկրաինա կսկսվեն անմիջապես՝ «առաջիկա մի քանի ժամվա ընթացքում»։

Սակայն ամերիկյան օգնությունը, կարծես, չի սահմանափակվելու միայն սպառազինության առաքմամբ։

Հնարավոր է, Միացյալ Նահանգները հավելյալ ռազմական խորհրդականներ գործուղի Կիև՝ Ուկրաինայի կառավարությանն ու զինվորականներին խորհրդատվություն տրամադրելու՝ այս երկուշաբթի «Ամերիկայի ձայնին» ասել է Պենտագոնի խոսնակը։

Ռայդերի խոսքով, ամերիկացի զինվորականները ոչ մարտական ​առաքելություն են իրականացնելու Կիևում ԱՄՆ դեսպանատան պաշտպանական համագործակցության բաժնում:

Պենտագոնի անանուն երկու պաշտոնյաներ «Ամերիկայի ձայնին» մանրամասնել են, որ այդ խորհրդականների թիվը «փոքր է», բայց կարող է փոխվել՝ ելնելով դեսպանատան պահանջներից: Թեմային ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Կիևում ԱՄՆ դեսպանատանը նման զինվորականների թիվը ավելի քան երկու տասնյակ է:

ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների խոսքով, ռազմական խորհրդականները կարող են խորհուրդներ տալ նյութատեխնիկական ապահովման, կապի և այլ ուղղություններով:

Պենտագոն պաշտոնայները ընդգծել են՝ պաշտպանական համագործակցության բաժինն ունի խորհրդատվական ու օժանդակություն ցուցաբերող գործառույթներ և, տեղակայված լինելով ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունում, ենթարկվում է ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարին:

XS
SM
MD
LG