Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների իր տարեկան զեկույցը՝ անդրադառնալով նաև Հայաստանին


ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարություն

Զեկույցում անդրադարձ կա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, կոռուպցիայի դեմ պայքարին

Ազատության ու մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանությունն ու խթանումը բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից: Այն երկրները, որոնք հարգում են մարդու իրավունքները, ավելի հավանական է, որ լինեն խաղաղ, բարգավաճ և կայուն՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության այս տարվա զեկույցը:

«Այսօր զեկույցը ներկայացնում է մարդու իրավունքների հարցում արձանագրված փաստացի, համակարգված հաշվետվություն մոտ 200 երկրների և տարածքների վերաբերյալ»,- ասել է Բլինքենը:

Ուսումնասիրված երկրների շարքում է նաև Հայաստանը, ուր մարդու իրավունքների հետ կապված առավել նշանակալի խնդիրներների շարքում զեկույցն առանձնացրել է խոշտանգումները, դաժան, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքը, իրավապահների կողմից կիրառվող պատիժը, կամայական ձերբակալություններն ու կալանավորումները, դատական իշխանության անկախության հետ կապված լուրջ խնդիրները, կամայական կամ անօրինական միջամտությունն անձնական կյանքին, բռնությամբ կամ բռնության սպառնալիքներով ուղեկցվող հանցանքներն ընդդեմ ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև երեխաների աշխատանքի վատթար դրսևորումները:

Ըստ զեկույցի, «[Հայաստանի] կառավարությունը միայն սահմանափակ քայլեր է ձեռնարկել՝ ներկա և նախկին պետական պաշտոնյաների և իրավապահ կառույցների ներկայացուցիչների թույլ տված ենթադրյալ չարաշահումների քննության և նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ 2020թ․ ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ուժերի կամ անհատների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ իշխանությունների կողմից տարվող քննության մասով առաջընթաց չի գրանցվել»։

Զեկույցը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին ու հայ-ադրբեջանական հարաբերություններին: Հայաստանի ու Ադրբեջանի մասին հատվածներում ԱՄՆ պետքարտուղարությունը նշում է, որ կողմերի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությունը ուղեկցվել է հատվածային բախումներով, «որոնք հանգեցրել են քաղաքացիական անձանց շրջանում զոհերի»։ Ըստ զեկույցի, «անցած տարվա ընթացքում ադրբեջանական ուժերը թիրախավորել են Հայաստանի ներսում գտնվող ենթակառուցվածքները, այդ թվում՝ Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական գործարանի շինհրապարակը՝ ծանր վիրավորելով երկու քաղաքացիական աշխատողների»։

Միացյալ Նահանգների պետքարտուղարոթյունը նշում է, որ «[2023 թվականի] սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը ռազմական գործողություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ այնտեղ լիակատար վերահսկողություն հաստատելու համար։ 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը փակել էր Լաչինի միջանցքը քաղաքացիական և առևտրային երթևեկության մեծ մասի համար՝ ժամանակ առ ժամանակ թույլատրելով միայն մարդասիրական բեռներ և [2023 թվականի] սեպտեմբերի 24-ից վերաբացելով այն՝ Լեռնային Ղարաբաղից միակողմանի երթևեկության համար։ Այդ օրերից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչներ՝ երկրամասի գրեթե ողջ հայ բնակչությունը, հեռացել է Հայաստան»։

Ադրբեջանի մասին զեկույցում նշված է, որ առկա է տեղեկություն, թե ադրբեջանական իշխանությունները [2023 թվականի] նոյեմբերի 2-ի դրությամբ ձերբակալել են Լեռնային Ղարաբաղի առնվազն ութ բարձրաստիճան հայ «պաշտոնյաների», ինչպես նաև հայերի, ովքեր մեղադրվում են ռազմական հանցագործությունների և ահաբեկչության մեջ: Զեկուցը հղում է կատարվում «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությանը, ըստ որի՝ հոկտեմբերի 11-ի դրությամբ կալանավորվածների դեմ մեղադրանքների մեծ մասը վերաբերում է ահաբեկչության ֆինանսավորմանը կամ կազմակերպմանը, ինչպես նաև հրազենի ձեռքբերմանն ու փոխանցմանը:

Բացի այդ, պետքարտուղարությունը, հենվելով հասարակական կազմակերպությունների հաղորդումների վրա, հայտնում է Ադրբեջանի կողմից Pegasus լրտեսող ծրագրի ենթադրաբար կիրառման մասին, որը թիրախավորել հայաստանցի պաշտոնյաների ու հանրայի դեմքերի 2020-2022 թվականներին: Միևնույն ժամանակ, պետքարտուղարությունը վկայակոչում է Pegasus լրտեսող ծրագրերի օգտագործման վերաբերյալ Access Now կազմակեպության զեկույցը, ըստ որի չկան տեխնիկական ապացույցներ, որ Հայաստանի կառավարությունը երբևէ օգտագործել է Pegasus-ը, սակայն ենթադրվում է, որ այն կիրառել է մեկ այլ լրտեսող ծրագիր՝ Cytrox ընկերության Predator-ը:

Անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքին՝ ԱՄՆ պետքարտուղարությունը նշում է, որ երկրի կառավարությունն ամրապնդել է կոռուպցիայի դեմ պայքարի իր ինստիտուցիոնալ կարողությունը՝ բազմաթիվ ճակատներում կիրառելով իր նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը։

Սակայն ըստ քաղաքացիական հասարակության որոշ խմբերի, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կարողության բարելավումները կանգ են առել շահերի բախման, տեղեկատվության ազատության հետ կապված խնդիրների և կոռուպցիոն դեպքերին վերաբերող սակավ դատավճիռների պատճառով, չնայած քաղաքացիական ակտիվներից բռնագանձումների դեպքերը շարունակվում են:

Զեկույցի համաձայն, Հաայստանի իշխանությունները շարունակում է հետաքննել բազմաթիվ քրեական գործեր՝ նախկին և գործող բարձրաստիճան պետական պաշտոնյաների, նրանց հարազատների, խորհրդարանականների, նախկին նախագահների և իրավապահների հետ կապված:

Ըստ զեկույցի հեղինակների, հետաքննող լրագրողները պարբերաբար հայտնում են պետական գնումների համակարգում առկա խնդիրների, այդ թվում՝ մեկ անձից արված գնումների համատարած գործելաոճի, ինչպես նաև պետական պատվերներ ստացող ընկերությունների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների միջև կապերի մասին:

Զեկույցն ընդգծում է՝ դիտորդական կազմակերպությունների համաձայն, պետական կառույցների շրջանում մեկ անձից արվող գնումներից առավել շատ կիրառել են վարչապետի ու գլխավոր դատախազի գրասենյակները:

XS
SM
MD
LG