Մատչելի հղումներ

Յուլիա Նավալնայան պարգևատրվել է գերմանական հեղինակավոր «Լրատվամիջոցների ազատության մրցանակով»


Ալեքսեյ Նավալնին և Յուլիա Նավալնայան
Ալեքսեյ Նավալնին և Յուլիա Նավալնայան

Յուլիա Նավալնայան պարգևատրվել է գերմանական հեղինակավոր՝ «Լրատվամիջոցների ազատության մրցանակով»։

Մրցանակը շնորհվել է նաև նրա հանգուցյալ ամուսնուն՝ ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն, ով փետրվարին իր մահկանացուն կնքեց ռուսաստանյան բանտում։ Նավալնիները արժանացել են մրցանակին՝ «ցուցաբերած խիզախության և Ռուսաստանում դաժան բռնապետության դեմ խիզախ ու ոչ բռնի պայքարի համար»։

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 19-ին Գերմանիայում։

«Այս մրցանակը հանձնում եք երկուսիս՝ ինձ և Ալեքսեյին։ Երկու ամիս առաջ Պուտինը սպանեց նրան բանտում։ Պետք է շարունակենք անել այն, ինչ նա արեց լրատվամիջոցների ազատության համար»,- մրցանակաբաշխության ժամանակ ասել է Յուլիա Նավալնայան։

Նրա խոսքով, Կրեմլը հանդես է գալիս գրաքննության, ապատեղեկատվության և ստի տարածման նոր գործիքներով. «Սա նշանակում է, որ նոր միջոցներ ենք մշակելու, որպեսզի շարունակենք փոխանցել ճշմարտությունը, ինչպես անում էր Ալեքսեյը»։

Հիշեցնենք, Պուտինի սուր քննադատ Ալեքսեյ Նավալնին 2020 թվականի օգոստոսին դատապարտվել էր երկարաժամկետ ազատազրկման՝ մի շարք քաղաքական մեղադրանքներով։ Մինչ այդ ընդդիմադիր գործչին փորձել էին թունավորելով սպանել։

Ալեքսեյի մահվանից հետո Ռուսաստանի տարբեր բնակավայրերում մարդիկ բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ նման կերպ հարգելով Նավալնիի հիշատակը։ Ոստիկանությունը զանգվածաբար բերման էր ենթարկում ակցիաների մասնակիցներին։

Այս ապրիլի կեսերին հեղինակավոր Time ամսագիրը ընդգրկեց Յուլյա Նավալնայային աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում։

Ապրիլի 11-ին հայտնի դարձավ, որ թունավորումից հետո՝ 2020 թվականին Ալեքսեյ Նավալնին հուշագրություններ է հեղինակել։ Գիրքը կոչվելու է «Հայրենասերը», Ալեքսեյի ինքնակենսագրականն է, լույս կտեսնի 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն։ Առաջին տպաքանակը 500 հազար օրինակ է։ Ձեռագիրը տպագրության է պատրաստվում ԱՄՆ-ում։

«Լրատվամիջոցների ազատության մրցանակը» շնորհվում է հասարակական գործիչներին, ովքեր բացառիկ դեր են ունեցել խոսքի ազատության և ժողովրդավարության համար պայքարում։ 2023 թվականի դափնեկիրը Գարրի Կասպարովն էր։ Նախկինում այն շնորհվել է Վոլոդիմիր Զելենսկուն և Միխայիլ Գորբաչովին։

XS
SM
MD
LG