Մատչելի հղումներ

Բլինքենն ու Կուլեբան քննարկել են իրավիճակն Ուկրաինայի ռազմաճակատներում և Կիևի եվրաատլանտյան ինտեգրումը


ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ
ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ

Ռուսական զորքերը ռմբակոծել են Դնեպրոպետրովսկի շրջանը՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ուկրաինան մոտ է էներգետիկ ճգնաժամին․ ձեռնարկություններին խորհուրդ է տրվում սահմանափակել էլեկտրաէներգիայի սպառումը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կապրիում՝ Մեծ յոթնյակի արտգործնախարարների հանդիպման շրջանակում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային։

Օրակագում իրավիճակն է ուկրաինական ռազմաճակատներում և Կիևի եվրաատլանտյան ինտեգրացիան։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Ուկրաինային, որն իր անկախության համար պայքար է մղում Կրեմլի դեմ։

Հանդիպման արդյունքում Էնթոնի Բլինքենը կրկին կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին շտապ ընդունել Ուկրաինայի համար նախատեսված և մոտ 60 միլիարդ դոլար պարունակող աջակցության փաթեթը:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի խոշորագույն DTEK էներգետիկ ընկերությունը և երկրի կառավարությունը հինգշաբթի գործարարներին հորդորել են սահմանափակել էլեկտրաէներգիայի սպառումը երեկոյան ժամերին, ինչը Ուկրաինայի էներգահամակարգի դեմ ռուսական ուժերի չդադարող գրոհների, թերևս, առաջին լուրջ հետևանքն է։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարության ներկայացմամբ, երկիրը սկսել է էներգակիրներ ներկրել Ռումինիայից, Լեհաստանից և Սլովակիայից՝ ծածկելու պակասուրդը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վերստին կոչ է արել արևմտյան դաշնակիցներին տրամադրել հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր՝ կենսական ենթակառուցվածքները պաշտպանելու համար։

Հինգշաբթի առավոտյան Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզը ենթարկվել էր ռուսական հրթիռային հարձակման, ինչի հետևանքով վիրավորվել են երկու հոգի, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ հայտնում են տեղի իշխանությունները:

Նույն օրը ուկրաինական ռազմական հետախուզությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանի բռնազավթած Ղրիմում՝ ռազմական օդակայաններից մեկին նախօրեին հասցված ուկրաինական ուժերի հարվածի արդյունքում լրջորեն վնասվել են հակաօդային պաշտպանության 4 համալիրներ, ռադիոտեղորոշիչ 3 կայաններ և այլ սարքավորումներ:

Ուկրաինական կողմի հաղորդմամբ, ճշտվում է հարձակման հետևանքով վնասված կամ ոչնչացված ինքնաթիռների թիվը։

XS
SM
MD
LG