Մատչելի հղումներ

Մերձավոր Արևելքի հակամարտությունը դարձել է ԱՄՆ նախագահական ընտրապայքարի կարևոր գործոն


Իսրայելամետ ցուցարարներ
Իսրայելամետ ցուցարարներ

Գաղտնիք չէ, որ ԱՄՆ նախագահի փաստացի թեկնածուներ Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը աջակցում են Իսրայելին՝ և՛ Գազայի պատերազմում, և՛ Իրանի հետ հակամարտությունում։ «Ամերիկայի ձայնի» թղթակից Սքոթ Սթերնսը ներկայացնում է, թե ինչպես են մերձավորարևելյան զարգացումներն ազդում ԱՄՆ ներքին քաղաքականության վրա:

ԱՄՆ նախագահական ընտրարշավում կարևոր տեղ ունեն Իրանի հետ Իսրայելի հակամարտությանը և Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի դերակատարությանն առնչվող հարցերը: Կարելի է ասել, որ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածունները մրցում են, թե ով է ավելի շատ սատարում հրեական պետությանը:

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը հրապարակեց Վաշինգտոնի դիրքորոշումը Իրաքի վարչապետի հետ հանդիպմանը, թե Միացյալ Նահանգները հավատարիմ է իր հանձնառությանը՝ պաշտպանել Իսրայելին․ «ԱՄՆ-ն հանձնառու է Իսրայելի անվտանգության ապահովման և հրադադարի հաստատման գործում, որը պատանդներին կվերադարձնի իրենց տներ և թույլ չի տա, որ հակամարտությունը ընդլայնվի: Նաև պատրաստակամ ենք պաշտպանել տարածաշրջանում, այդ թվում՝ Իրաքում [մեր զինվորական] անձնակազմի և գործընկերների անվտանգությունը»։

Միևնույն ժամանակ, Բայդենի գլխավորած վարչակազմը չդադարող ճնշման ներքո է՝ անել հնարավորը «Համասի» պատանդառած մարդկանց ազատ արձակելու համար, նաև կոշտացնել դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ՝ Գազայում շարունակվող արյունահեղության պատճառով:

Նրա հակառակորդը՝ Դոնալդ Թրամփը, կրկնում է՝ իր օրոք բացառվում է, որ Մերձավոր Արևելքում արյունահեղություն լինի։ Թեև ԱՄՆ նախկին նախագահը որևէ հիմնավորում չի ներկայացնում:

«Աստված օրհնի Իսրայելի ժողովրդին: Նրանք այժմ հարձակման տակ են: Դա պայմանավորված է նրանով, որ մենք թուլություն ենք ցուցաբերում։ Նման բան տեղի չէր ունենա, եթե մենք լինեինք իշխանություն: Դուք գիտեք և նրանք գիտեն այդ մասին»,- հայտարարել է Թրամփը:

Թրամփի քարոզարշավն աշխատում է մերձավորարեևլյան հարցերում Բայդենին ներկայացնել որպես թույլ գործչի, և այդ գործին լցված են նաև Կոնգրեսի հանրապետական անդամները, օրինակ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը:

«Ջո Բայդենը վերածվել է հակաիսրայելական նախագահի: [Նրան] այլ կերպ անհնար է բնութագրել: Նա, կարծես, ավելի շատ մտահոգված է իր կողմնակիցների շրջանում հակասեմականության տարածմամբ, քան մեր պատմական ու կարևոր դաշնակցին աջակցելով»,- ասում է Ջոնսոնը:

Միչիգան նահանգի բնակիչ Քերոլ Պլիսների կարծիքով, Բայդենը պետք է շարունակի աջակցել Իսրայելին․ «Նախագահ Բայդենի արձագանքը [մերձավորարևելյան] իրավիճակին օգտակար էր: Կարծում եմ, Միացյալ Նահանգները պետք է այնպիսի դիրքորոշում որդեգրի, որը պաշտպանում է ժողովրդավարությունը ողջ աշխարհում, իսկ դա նշանակում է հարգանք Իսրայելի նկատմամբ»:

«Ներգրավված ենք աղետի մեջ, որը հազարավոր մղոններ հեռավորության վրա է: Մարդիկ կարծում են, որ այն մեզ չի վնասում, բայց, [իրականում], վնասում է: Օգնում ենք [Իսրայելին] մեր գումարներով»,- ասում է Միչիգանի մեկ այլ բնակիչ Մուհամեդ Մաուրին:

Անցած ամիս անցկացված Pew Research-ի սոցհարցման համաձայն, ամերիկացիների մոտ 20%-ի կարծիքով, Բայդենը ճիշտ քաղաքականություն է վարում Մերձավոր Արևելքում։ 20%-ը աջակցում էր Իսրայելին, իսկ 16%-ը՝ պաղեստինցիներին: Մեծամասնությունը, սակայն, վստահ չէր, որ Բայդենի գլխավորած Սպիտակ տունը ճիշտ քաղաքականություն է վարում մերձավորարևելյան հակամարտությունում։

XS
SM
MD
LG