Մատչելի հղումներ

Պատերազմի հեռանկարներն Ուկրաինայում. երկու տարի անց


Փետրվարի 24-ին կլրանա Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման երկրորդ տարին
Փետրվարի 24-ին կլրանա Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման երկրորդ տարին

Փորձագետներն անդրադարձել են ուկրաինական պատերազմի առաջին երկու տարիների հետևանքներին ու դասերին, խոսել հավանական սցենարների մասին։

Փետրվարի 24-ին կլրանա Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման երկրորդ տարին։

Անցած տարվա նոյեմբերին հրապարակված ՄԱԿ-ի տվյալների համաձայն, ուկրաինական պատերազմի նախորդ շրջանում «սպանվել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ, վիրավորվել են ավելի քան 18 հազարը»:

Կազմակերպությունը տեղեկացրել է, թե Ուկրաինայում 15 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի, մոտ 4 միլիոնը ներքին տեղահանվածներ են, իսկ 3,3 միլիոնը «ապրում են ակտիվ ռազմական գործողությունների գոտիներում»։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի խոսքով, պատերազմը թևակոխել է «դիրքային» փուլ, երբ կողմերից ոչ մեկը չի կարողանում էական առաջընթաց գրանցել։

«Դիրքային պատերազմը ձգձգվող պատերազմ է։ Այն հսկայական ռիսկեր է պարունակում ուկրաինական բանակի և ողջ պետության համար»,- անցած տարվա նոյեմբերին «The Economist»-ում գրել է Զալուժնին:

Այս ֆոնին է, որ Միացյալ Նահանգները մուտք է գործել նախընտրական փուլ, և Կիևին ցուցաբերվող աջակցությունը դարձել է ամերիկյան ներքաղաքական պայքարի սուր հարցերից մեկը:

Ֆիլադելֆիայում գործող Արտաքին քաղաքականության հետազոտության ինստիտուտի («Foreign Policy Research Institute») փորձագետները վերլուծել են պատերազմի ընթացքում Ուկրաինայի և Ռուսաստանի ռազմավարության փոփոխությունները, նաև, թե ինչպես է կողմերից յուրաքանչյուրը գնահատում իր նպատակներին հասնելու հեռանկարները:

Նախորդ երկու տարիներին փոխվե՞լ են պատերազմող կողմերի նպատակները

Պաշտոնաթող գնդապետ, վերլուծաբան Ռոբերտ Համիլթոնի խոսքով, ռազմական գործողությունների նպատակները երկու կողմերի համար «հիմնականում չեն փոխվել»․ Կրեմլը շարունակում է ձգտել նույն խնդրի լուծմանը՝ «կանխել Ուկրաինայի դուրս գալը Ռուսաստանի աշխարհաքաղաքական ուղեծրից, ստեղծել կամ վերականգնել Մոսկվայի արտոնյալ շահերի գոտին» և այդ նպատակի համար գրավել «Ուկրաինայի մեծ մասը»։

Թեև Կիևը գրավելու և Վոլոդիմիր Զելենսկու կառավարությունը տապալելու նախնական ծրագիրը ձախողվեց, Կրեմլի նպատակը, ըստ Համիլթոնի, մնում է նույնը՝ Ուկրաինան ենթարկել իրեն: Սակայն փոխվել է Մոսկվայի մարտավարությունը․ «Ռուսաստանում [նախագահական] ընտրություններից հետո, նոր զորահավաք կլինի, ինչը, ըստ ամենայնի, Կրեմլի համար հիմքեր կստեղծի՝ առաջխաղացում ապահովելու և [Ուկրաինայի] մեծ մասը գրավելու նոր փորձեր ձեռնարկելու»։

Ըստ Համիլթոնի, Ուկրաինայի համար ոչինչ չի փոխվել 2014 թվականից ի վեր, և եթե «լայնածավալ ներխուժման սկզբնական փուլում անհրաժեշտ էր պահպանել վերահսկողությունը Կիևի նկատմամբ, ապահովել կառավարության գործունեությունը, «ժողովրդի միասնությունը, ինչպես նաև ստանալ միջազգային աջակցություն», ապա այսօրվա նպատակներն են «տարածքային ամբողջականության վերականգնումը 1991 թվականի սահմաններում»։

Ի՞նչն էր անսպասելի այս պատերազմում

Ռոբերտ Համիլթոնը խոստովանում է, թե իրեն անհանգստացնում են արևմտյան երկրների բարձրաստիճան զինվորականների և քաղաքական գործիչների խոսքերը, թե ուկրաինական պատերազմը երկրորդ կարգի բանակների միջև է, և «մենք սովորելու ոչինչ չունենք»․ «Սխալ է: Սա ժամանակակից պատերազմ է։ Սակայն պետք է արձանագրել, որ 4,1 միլիոն դոլար արժողությամբ «Patriot» հրթիռների օգտագործումը 20 հազար դոլար արժողությամբ «Շահեդ» անօդաչու խոցելու համար լավ տարբերակ չէ, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ են նոր և բոլորովին այլ հակաօդային պաշտպանության հրթիռներ ու համակարգեր»:

Արտաքին քաղաքականության հետազոտության ինստիտուտի Եվրասիայի ծրագրի ավագ գիտաշխատող Ռոբ Լին, ով վերջերս էր մի քանի ամսով Ուկրաինայում, նշում է, թե բազմաթիվ ռազմական փորձագետների և քաղաքական գործիչներ պատերազմի մասին ունեն ևս մեկ սխալ ընկալում․ «2022 թվականի աշնանը Ուկրաինան երկու հաջող հակահարձակում իրականացրեց՝ Խարկովի մոտ և Խերսոնի շրջանում։ Այն ժամանակ շատերը, նայելով 2023 թվականին, պատկերացնում էին, որ Ուկրաինան կկարողանա հետագայում կիրառել հարձակման նման ձևեր։ Չպետք է մոռանալ, որ այդ ժամանակ ռուսական զորքերը լրջորեն դեգրադացված էին»։

Փորձագետը վստահ է՝ մինչև գալիք ամառ՝ ռուսաստանյան նոր զորահավաքից հետո, Կրեմլը «կփորձի առավելագույնս արդյունավետ օգտագործել իր մնացած հնարավորությունները»․ կօգտագործվեն գրոհային ուղղաթիռներ, հեռահար ռումբեր։

Թեև, ըստ վերլուծաբանի, ռուսաստանցի զինվորականները «դեռևս ունեն բազմաթիվ խնդիրներ՝ կապված պատրաստվածության և անձնակազմի վերահսկողության հետ», սակայն Մոսկվան կարողացավ արդյունավետ պաշտպանվել անցած տարվա ամռանը:

Միևնույն ժամանակ, Լին կանխատեսում է, որ երկու կողմերի մոտ կշարունակվի «ռեսուրսների սովը»․ «Իրավիճակն Ուկրաինայում ավելի վատ կլինի, քան անցած տարվա ամռանն էր, քանի որ [ուկրաինական] հակահարձակումը հնարավոր դարձավ Հարավային Կորեայից հրետանային զինամթերքի մեծ քանակության մատակարարման շնորհիվ։ Այն հոսեց ԱՄՆ, հետո՝ Ուկրաինա»:

Այս ամառ, ըստ փորձագետի, Ուկրաինան ամսական արձակել է 220-250 հազար արկ, իսկ նախորդ ձմռանը այդ թիվը 90-100 հազար էր․ «Զինամթերքը հիմնականում մատակարարվում է առկա պահուստներից: ՆԱՏՕ-ի արտադրական հզորությունները բավականաչափ չեն ընդլայնվել։ Մինչդեռ Ռուսաստանը ոչ միայն ավելի շատ զինամթերք է արտադրում, քան նախկինում, այլև մեծ քանակությամբ ստանում է Հյուսիսային Կորեայից և Իրանից»:

Այս պատճառով փորձագետը քիչ հավանական է համարում 2024 թվականին ռուսական պաշտպանական գծի խորը ճեղքման հնարավորությունը, սակայն կարծում է, որ 2025 թվականը «Ուկրաինայի համար ռազմավարական հարձակման տարի պետք է լինի»․ «Այս տարում Ուկրաինայի համար ամենաարդյունավետը «ակտիվ պաշտպանության ռազմավարությունն» է լինելու, երբ բեկումները հնարավոր են միայն օպերատիվ-մարտավարական մակարդակում»։

Որքանո՞վ է այժմ կարևոր ԱՄՆ և Արևմուտքի աջակցությունը

Երկու փորձագետներն էլ հակված են այն մտքին, որ այսօր Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցության վերաբերյալ ցանկացած որոշում «կենսական և ճակատագրական է»:

Ֆինանսական աջակցությունը անհրաժեշտ է ոչ միայն Ուկրաինայի տնտեսությունը կայունացնելու, այլև Ուկրաինայում զենքի արտադրությունը զարգացնելու համար, ինչպես, օրինակ, «անօդաչուների արտադրությունը, որով Ուկրաինայի զինված ուժերը կարող են փոխհատուցել հրետանային զինամթերքի պակասը, թեև ոչ ամբողջությամբ», քանի որ լավ չեն գործում վատ եղանակին, իսկ Ռուսաստանն էլ «բարելավել է իր էլեկտրոնային պատերազմի համակարգերը»։

«Կարևոր է նաև մեծացնել զրահատեխնիկայի մատակարարումը Ուկրաինա, քանի որ ուկրաինական շատ բրիգադներ բավարար չափով հագեցած չեն, ինչը շատ զոհերի պատճառ է դառնում: Սպասում ենք, որ Միացյալ Նահանգները հավելյալ օգնության փաթեթն ընդունի և Ուկրաինային տրամադրի սպառազինության [մի շարք] տեսակներ, այդ թվում՝ հրետանի և հակաօդային պաշտպանության հրթիռներ։ Սա կարող է շրջադարձային լինել»,- ասում է Ռոբ Լին:

Իր հերթին՝ Ռոբերտ Համիլթոնը հիշեցնում է. «Միացյալ Նահանգները և Արևմուտքը հրատապ պետք է գործադրեն երկրորդական պատժամիջոցների ռեժիմը՝ արգելելու երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան: Քանի դեռ պատժամիջոցների ռեժիմը չի խստացվել, ռուսները կհարմարվեն և կգտնեն սարքավորումների այլ աղբյուրներ, որոնք անհրաժեշտ են երկրի ռազմական մեքենան գործարկելու համար»:

Հրադադարի և բանակցությունների հիմքեր կա՞ն

Այս փուլում Ռոբերտ Համիլթոնը չի հավատում բանակցություններին․ «Երկու կողմն էլ մտադիր են շարունակել պայքարը։ Ուկրաինան դեռ ունի պայքարելու մեծ կարողություն և ցանկություն։ Հետևաբար, կարծում եմ, եթե նույնիսկ Ռուսաստանը հասներ իր նպատակներին և գրավեր Ուկրաինայի մեծ մասը, դա կհանգեցներ ապստամբության: Մյուս կողմից, եթե Կրեմլը պարտություն կրի այս պատերազմում, և նույնիսկ եթե ռուսական բանակը դուրս մղվի Ուկրաինայից, Մոսկվան շատ միջոցներ ունի՝ հեռահար ավիահարվածներով, հրթիռներով շարունակել պատերազմը»։

Համիլթոնը համոզված է․ «Քանի դեռ ռազմական տեխնոլոգիաների և մարտավարության համադրությունը հնարավորություն չի տվել կտրուկ փոխել իրավիճակը, ուկրաինացիները չպետք է կտրուկ միջոցներ ձեռնարկեն՝ ո՛չ ճակատում, ո՛չ դիվանագիտական ասպարեզում, քանի որ այն կարող է հանգեցնել աղետի։ Հետևաբար, Ուկրաինան պետք է մնա պաշտպանական դիրքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղական մակարդակում իմաստ ունի անցնել հարձակման»։

Կարո՞ղ է Ուկրաինան դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ պատերազմ է

«Եթե ՆԱՏՕ-ն ցանկանա, կարող է այդ անելու միջոց գտնել: Ուկրաինայի ապագան պետք է լինի ՆԱՏՕ-ի կազմում: Սա պատերազմն ավարտելու միակ միջոցն է, և Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու միակ միջոցը։ Ուկրաինան հստակորեն կատարել է ՆԱՏՕ-ի պահանջները։ Եթե այդ անեք պատերազմի ժամանակ, ապա, կամա թե ակամա, բոլոր կողմերը պետք է գիծ գծեն քարտեզի վրա, որից այն կողմ գործածվում է [ՆԱՏՕ-ի] 5-րդ հոդվածը: Սա կդրդի Ռուսաստանին հաշվի առնել այդ գիծը և չանցնլ այն», - ասում է Համիլթոնը:

Ռոբ Լին հավելում է․ «Այսօր կարևոր է ամերիկացի ժողովրդին բացատրել Ուկրաինայում Միացյալ Նահանգների շահերը։ Եթե Ռուսաստանը հաղթի այս պատերազմում, կարող է ուժեղ դիրք գրավել՝ մեզ վրա ճնշում գործադրելու համար: Ուստի, մեր շահերից է բխում թույլ չտալ նրա հաղթանակը, և ապահովել ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական Ուկրաինայի գոյությունը։ Չեմ կարծում, որ մեզ համար լավ է թույլ տալ, որ ավտորիտարիզմը ճնշի ժողովրդավարությունները»:

Ռոբերտ Համիլթոնը եզրափակեց․ «Ուկրաինային [ցուցաբերվող] ռազմական օգնությունը կազմում է ԱՄՆ պաշտպանական բյուջեի մոտ 3,2%-ը, և [այն] ամենաանհավանական շահութաբեր ներդրումներից մեկն է, որ ԱՄՆ կառավարությունը երբևէ կատարել է պատմության ընթացքում»:

XS
SM
MD
LG