Մատչելի հղումներ

Հատկապես 2024 թվականին՝ ընտրությունների տարում լրատվամիջոցների պարտք է վստահություն ձևավորել հանրության շրջանում


Ավելի քան 40 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, 2024 թվականին համապետական ընտրություններ են
Ավելի քան 40 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, 2024 թվականին համապետական ընտրություններ են

Ավելի քան 40 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, 2024 թվականին համապետական ընտրություններ են, և դիտորդներն ուշադրություն են հրավիրում՝ արհեստական բանականության ստեղծած մարտահրավերները, ապատեղեկատվությունը և լրագրողների անվտանգությունը լրատվամիջոցների առջև ծառացած լրջագույն խնդիրներն են։

Արգենտինայում կայացած նախագահական ընտրություններն օրինակ են, թե ինչ կարող է անել արհեստական բանականությունը քարոզարշավի ընթացքում:

Խավիեր Միլեյն ու նրա մրցակից Սերխիո Մասան ակտիվորեն կիրառում էին արհեստական բանականության հնարավորությունները՝ պաստառներ, տեսանյութեր պատրաստելու, հակառակորդներին վարկաբեկելու համար:

Միլեյը ընտրվեց նախագահի պաշտոնում, բայց այս տարի ավելի քան 40 երկրներում համապետական ընտրություններ են, այդ թվում՝ Պակիստանում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում։ Լրատվամիջոցներում պատրաստվում են իրենց համար անսովոր խնդիրների:

«Հայտնի է, մամուլի ազատությունն ամրագրված է [ԱՄՆ սահմանադրության] առաջին փոփոխությամբ, բայց ապրում ենք այնպիսի ժամանակներ, երբ բազմաթիվ քաղաքական գործիչներ, կարծես, կասկածի տակ առնեն անկախ լրատվամիջոցների ու լրագրության՝ որպես ինստիտուտի, արժեքը»,- ասում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակարեպության ներկայացուցիչ Քլեյթոն Վայմերսը:

ԱՄՆ նախորդ նախագահական ընտրությունները տեղի լրատվամիջոցների համար ամենից դժվարն էին, երբ լրագրողական կազմակերպությունները լրատվամիջոցների գործունեության համար բազմաթիվ խնդիրներ, խոչընդոըտներ գրանցեցին։

«2024-ի ընտրություններում լրատվամիջոցների համար ամենից մեծ մարտահրավերները կլինեն արհեստական բանականությունը, ապատեղեկատվությունը և [լրագրողների] անվտանգությունը»,- ասում է «Ամերիկայի ձայնի» թղթակից Քրիտինա Քայսեդոն:

«Անվտանգությունը վերաբերում է ֆիզիկականին, երբ լուսաբանում եք հանրահավաքներ, թեկնածուի միջոցառումները, և հետո կա առցանց անվտանգություն»,- նշում է Լրագրողների միջազգային կենտրոնի ներկայացուցիչ Շարոն Մոշավին:

Լրագրողների միջազգային կենտրոնի հաջորդ մտահոգությունը՝ արհեստական բանականությունն է, որը, նրանց կարծիքով, կարող է խաբել անգամ խելամիտ ընտրողներին:

«Արհեստական բանականությունն արագորեն փոխում է տեղեկատվական էկոհամակարգը։ Լրագրողները մտահոգված և անհանգստացած են դիփ ֆեյքերի ու ապատեղեկատվության առնչությամբ»,- շարունակում է Շարոն Մոշավին:

Նման պայմաններում կենտրոնն աշխատում է անհրաժեշտ աջակցություն ու գործիքակազ տրամարդել լրագրողներին՝ «Զինաթափել ապատեղեկատվությունը» նախաձեռնության միջոցով:

«Հրամայական է, որ յուրաքանչյուր լրագրող դառնա ապատեղեկատվության [դեմ պայքարի] թղթակից։ Դա ազդում է մեր կյանքի յուրաքանչյուր կողմի վրա»,- նշում է Մոշավին:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ստեղծել է տվյալների հատուկ շտեմարան՝ Միացյալ Նահանգներում լրատվամիջոցների դեմ ոտնձգություններին հետևելու, տարբեր նահանգներում մեդիայի համար առկա պայմանները մշտադիտարկելու համար:

«Սկսում ենք մի նախագիծ, որի շրջանակում ուսումնասիրելու ենք, թե որքան մեծ են [ԱՄՆ նահանգների միջև առկա] տարբերությունները: Օրինակ, եթե թղթակից եք Կալիֆորնիայում, ապա ի՞նչ համեմատության եզրեր կան Հարավային Դակոտայի հետ, ուր դուք նախկինում աշխատել եք»- ասում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ Քլեյթոն Վայմերսը:

Ի թիվս այլ մարտահրավերների՝ «Նահագներում մամուլի ազատության ինդեքսի» («The State Press Freedom Index») ուսումնասիրության առարկան են լինելու, թե տվյալ նահանգի լրատվամիջոցները ինչպես ու որքան հաճախ են անդրադառնում լրատվական հոսքերից դուրս մնացած շրջաններին, խնդիրներին, որքան է ապահովված բազմակարծությունը տվյալ նահանգի լրատվամիջոցներում:

ԱՄՆ-ում ընտրությունների օրվա մոտենալուն զուգահեռ՝ դիտորդները կարևորում են լրատվամիջոցների նկատմամբ հանրության մոտ առկա վստահության ամրապնդումը։

«Վստահելի տեղեկատվություն մատուցելու և ապատեղեկատվության դեմ պայքարի միջև ամուր կապ կա, և կարծում եմ, որ լրատվամիջոցները պետք է մեծ ուշադրություն դարձնեն վստահության ձևավորմանը»,- ասում է Շարոն Մոշավին:

2024 թվականին աշխարհում քվեատուփերին մոտենալու է մոտ 1,5 միլիարդ մարդ, որից 168 միլիոնը ԱՄՆ-ում, և նման պայմաններում էական է անկախ լրատվության ապահովումն ու լրատվամիջոցների աշխատանքը:

XS
SM
MD
LG