Մատչելի հղումներ

Ովքե՞ր են ԱՄՆ նախագահի հանրապետական կուսակցության հիմնական թեկնածուները. Դոնալդ Թրամփն առաջատար դիրքերում է


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է վերադառնալ Սպիտակ տուն՝ խոստանալով թոշակի ուղարկել ներկայիս նախագահ Ջո Բայդենին, ով հաղթեց իրեն 2020 թվականի ընտրություններում:

Բայց նախ` Թրամփը պետք է հաղթանակ տանի հանրապետականների ներկուսակցական ընտրություններում, ուր մրցակցությունը նույնպես լուրջ է։ Սակայն նախկին նախագահն առավելություն ունի. հանրապետական թեկնածուներից շատերը չեն ցանկանում քննադատել նրան։

Հանրապետական ընտրազանգվածի շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ Դոնալդ Թրամփը մեծ առավելություն ունի մյուս հիմնական մրցակիցների նկատմամբ, ներառյալ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսի և Թրամփի օրոք փոխնախագահ Մայք Փենսի:

Դոնալդ Թրամփը վստահ է իրեն պահում, չնայած ԱՄՆ-ի առաջին նախկին նախագահն է, ում դեմ դաշնային քրեական մեղադրանք է առաջադրվել:

«Ռոն ԴեՍանտիսի վարկանիշը գահավիժում է ներքև»,- հայտարարել է Թրամփը:

Քաղաքական ստրատեգ և հանրապետականների նախագահական հինգ արշավների վետերան Ստյուարտ Սթիվենսը զարմացած չէ, որ Թրամփն ամուր դիրքեր ունի:

Դոնալդ Թրամփը մեծ առավելություն ունի մյուս հիմնական մրցակիցների նկատմամբ
please wait

No media source currently available

0:00 0:02:37 0:00

«Սա Թրամփի կուսակցությունն է, և հիմքեր չկան կարծելու, թե այն իրավական խնդիրները, որ նա ունի, որևէ բան են փոխում։ Կարծում եմ, [այդ մեղադրանքները] շատ առումներով անգամ ամրապնդում են նրա դիրքերը։ Նա հաջողությամբ իրեն զոհ է ներկայացրել»,- ասում է Սթիվենսը:

Հանրապետականների թեկնածուները համալրվել են նոր դեմքերով. նրանցից է Տեխասից նախկին կոնգրեսական Ուիլ Հերդը:

«Եթե մենք առաջադրենք նման անօրինական, եսասեր ձախողված քաղաքական գործչի, ինչպիսին Դոնալդ Թրամփն է, ով տանուլ է տվել Ներկայացուցիչների տունը, Սենատը և Սպիտակ տունը, բոլորս գիտենք` Ջո Բայդենը կրկին կհաղթի»,- ասում է նա:

Հանրապետական այլ թեկնածուներից քչերն են բացահայտ քննադատում Թրամփին: Բացառություն է Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին:

«Դոնալդ Թրամփը թուլացրեց մեր դիրքերը՝ էլ ավելի պառակտելով մեզ»,- հայտարարում է նա:

Բացառությամբ նախկին փոխնախագահ Փենսի, հանրապետական թեկնածուների զգալի մասը, ամենայն հավանականությամբ, օգտագործում է այս քարոզարշավը՝ մտքին ունենալով 2028 թվականի ընտրությունները:

Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսի նման նրանք քննադատության ներքո են պահում նախագահ Բայդենին և դեմոկրատներին, բայց ոչ՝ Դոնալդ Թրամփին:

«Այս վարչակազմի օրոք Ամերիկան վերստին կորցրել է հավատը իր ուժերի նկատմամբ»,- նշում է Սուարեսը։

Որն էլ լինի դրդապատճառը` Թրամփի նկատմամբ հանրապետական թեկնածուների մեծամասնության զգուշավոր մոտեցման հիմքում հաշվարկ կա` կարծում է Սթիվենսը, ով լքել է Հանրապետական կուսակցությունը. «Եթե ձեզ կոչում են Ջո Բայդենի քաղաքական հակառակորդ, ապա դա լավ բան է հանրապետականների ներկուսակցական ընտրություններում: Պատմությունը ցույց է տվել, որ երբ հարձակվում ես Դոնալդ Թրամփի վրա, նա հուժկու հակահարված է տալիս: Միգուցե, Քրիս Քրիստին բացառություն է, բայց չեմ կարծում, որ մնացածները ցանկանում են պայքարի մեջ մտնել Թրամփի հետ»:

Հանրապետական ընտրողներն առաջիկայում հնարավորություն կստանան գնահատել նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուներին: Օգոստոսի 23-ին նախատեսվում է Հանրապետականի ներկուսակցական ընտրությունների առաջին բանավեճը:

XS
SM
MD
LG