Մատչելի հղումներ

Թրամփը պաշտոնապես սկսել է իր վերընտրման քարոզարշավը 2019 -ի հունիսին Օռլանդո քաղաքում՝ «Հզոր պահենք Ամերիկան» կարգախոսով


Դոնալդ Թրամփը, Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը և Ամերիկայի պատմության մեջ երրորդ նախագահը, որը իմփիչմենթի է ենթարկվել, բայց այնուհետև արդարացվել, պայքարում է նախագահության երկրորդ ժամկետի համար։

Թրամփը պաշտոնապես սկսել է իր վերընտրման քարոզարշավը 2019 թվականի հունիսին Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում՝ «Հզոր պահենք Ամերիկան» կարգախոսով։ Նա դիմել է աջակիցներին հետևյալ խոսքերով․ «Մենք դա արել ենք մեկ անգամ, և այժմ նորից ենք անելու, և այս անգամ պատրաստվում ենք գործը հասցնել ավարտին»։

Նախորդ ձեռքբերումները. Նախքան նախագահ դառնալը Թրամփը Նյու Յորքում հայտնի կառուցապատող և հեռուստաաստղ էր։ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնես դպրոցը ավարտելուց հետո նա ստանձնել է իր ընտանիքի անշարժ գույքի բիզնեսը՝ ընդլայնելով այն և կառուցելով հյուրանոցներ, խաղատներ և գոլֆի խաղադաշտեր ամբողջ աշխարհում։ 1990-ականների սկզբին անշարժ գույքի փլուզման պատճառով սնանկության եզրին հայտնվելուց հետո Թրամփին հաջողվում է կրկին վերակառուցել իր բիզնեսները։ 2016 թվականին Ֆորբսը նրա ունեցվածքը գնահատել է 3,7 միլիարդ դոլար։

2004 թվականին իր հեղինակած ռեալիթի շոուն Թրամփին դարձրել է հայտնի մեդիա գործիչ։ Նա լքել է հեռուստաշոուն 2015-ին, երբ պատրաստվում էր առաջադրվել նախագահի պաշտոնում։

Հեռուստաաստղի կերպարում Թրամփը հիմնականում ներգրավված էր ԱՄՆ-ի ազգային քաղաքականության մեջ՝ որպես Բարաք Օբամայի ծննդավայրի վերաբերյալ դավադրության տեսությունների հիմնական քարոզողներից մեկը։


Թրամփի նախագահությունը. Իր պաշտոնավարման 3,5 տարվա ընթացքում նախագահ Թրամփն ընդունել է խոշոր հարկային բարեփոխումների օրենսդրության նախագիծը, նվազեցրել է Սիրիայում զորքերի քանակը, Սենատի հաստատմամբ նշանակել է Գերագույն դատարանի երկու դատավորներ՝ պահպանողական Նիլ Գորսուչին և Բրեթ Քավանոյին, ինչպես նաև ցածր ատյանի դաշնային դատարանների մոտ 200 այլ դատավորներ։

Հատկապես թեժ պայքար էր գնում Քավանոյի առաջադրման շուրջ, որի հետ կապված հանրային լսումները վերաբերում էին երիտասարդ տարիքում ալկոհոլի նկատմամբ նրա հակման և սեռական ոտնձգության մասին մեղադրանքներին։ Ի վերջո, Սենատը հաստատել է Քավանոյի նշանակումը։

Թրամփը կտրուկ խստացրել է ապօրինի ներգաղթի քաղաքականությունը՝ այդ թվում ստանալով Կոնգրեսի համաձայնությունը գրեթե 1,4 միլիարդ դոլար հատկացնել

սահմանին պատ կառուցելու նպատակով (թեև դա իր պահանջած գումարից շատ ավելի քիչ էր), և հայտարարել է արտակարգ դրություն՝ պատի համար 3,6 միլիարդ դոլար լրացուցիչ ֆինանսավորում ստանալու համար։

Նախագահը հավատարիմ է մնացել իր նախընտրական խոստումին՝ ուժը կորցրած ճանաչել նախկին նախագահ Բարաք Օբամայի առողջապահության մասին օրենքի կամ Օբամաքեյրի մեծ մասը։ Թեև համավարակի պատճառով միլիոնավոր ամերիկացիներ կորցրեցին իրենց աշխատանքը և առողջապահական ապահովագրությունը, Թրամփը դիմել է Գերագույն դատարան Օբամաքեյրը ամբողջությամբ անվավեր ճանաչելու հարցով։ Թրամփը հաճախ է արտահայտել իր անհամաձայնությունը Օբամայի վարած քաղաքականության հարցում։


Թրամփի նախագահության առաջին երեք տարիների ընթացքում երկիրը հասել էր տնտեսական ծաղկման՝ գործազրկության մակարդակի մինչև 3,5% անկմամբ, որը աշխարհի խոշորագույն տնտեսության համար ամենացածր ցուցանիշն էր վերջին հինգ տասնամյակում, և երկրի խոշոր բաժնետոմսերի ինդեքսների աճով։ Սակայն հաջողությունը անսպասելի ավարտվեց 2020 թվականի սկզբին Չինաստանից տարածված կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Անվտանգության նկատառումներով նախագահը հունվարի վերջին փակեց երկրի մուտքը Չինաստանից ժամանողների համար՝ միևնույն ժամանակ վստահություն հայտնելով, որ համավարակը խնդիր չի դառնա Միացյալ Նահանգների համար։

Վիրուսը տարածվեց բոլոր 50 նահանգներում՝ երկիրը կանգնեցնելով տնտեսական աղետի առջև։ Թրամփը ամենօրյա ճեպազրույցներ էր անցկացնում կորոնավիրուսի մասին՝ թեև հաճախ թերագնահատելով համավարակային իրավիճակի լրջությունը։

Մինչ մասնագետները ամերիկացիներին հորդորում էին դիմակ կրել վիրուսի տարածումը սահմանափակելու համար, Թրամփը, որ մինչև հուլիս հրապարակավ դիմակ չէր կրում, ասում էր, որ դա անձնական ընտրության հարց է։

ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը ապրիլին հասել էր 14.7%-ի, այնուհետև հունիսին նվազել մինչև 11,1%-ի մոտ 5 միլիոն աշխատատեղերի ավելացման շնորհիվ։ Թրամփը խոստացել է, որ այս տարվա երկրորդ կեսին և հաջորդ տարի ամերիկյան տնտեսությանը շատ ավելի լավ օրեր են սպասվում։

Ոստիկանության ձերբակալման ժամանակ զոհված սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահը համազգային բողոքի ալիք բարձրացրեց սևամորթների նկատմամբ ոստիկանության բիրտ վերաբերմունքի դեմ, որից նոր թափ առավ «Սևամորթների կյանքն արժեք ունի» շարժումը՝ միջազգային հնչեղություն հաղորդելով համակարգային ռասիզմի խնդրին։

Թրամփը հախուռն ուղերձներ էր հղում երկրում ծագած անկարգությունների կապակցությամբ՝ աջակցություն հայտնելով խաղաղ ցույցերին, բայցև նշելով, որ «Սևամորթների կյանքն արժեք ունի» փողոցային վանկարկումները «ատելության խորհրդանիշ» են։ Հուլիսի 4-ի հանգստյան օրերին, երբ Ամերիկան նշում էր իր անկախության 244-րդ տարեդարձը, Թրամփը ռասայական արդարության ցուցարարներին անվանել է «նոր ուլտրաձախ ֆաշիզմի չար» ներկայացուցիչներ, որոնց վերջնական նպատակը «Ամերիկայի վերջը տալն է»։

2020 թվականի առաջին կեսի իրադարձությունների համատեքստում Թրամփի քաղաքական ճակատագիրը լավագույն դեպքում անորոշ էր։ Բազմաթիվ հարցումները ցույց են տալիս, որ նախագահական ընտրություններից չորս ամիս առաջ նա 9 տոկոսով զիջում է նախկին փոխնախագահ Ջո Բայդենին։ Սակայն վերջին չորս տասնամյակում միայն երկու նախագահներ են կորցրել երկրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությունը։ Թրամփի կողմնակիցները նշել են, որ նրա վարկանիշը ցածր էր նաև 2016-ի ընտրություններից առաջ, երբ նա անսպասելիորեն հաղթեց նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին։


Արտաքին քաղաքականություն. Թրամփի արտաքին քաղաքականությունը որոշվել է իր «Ամերիկան առաջինը» օրակարգով, որում նա ամենից վեր է դասում իր պատկերացմամբ Ամերիկայի շահերը։ Նա երկիրը դուրս է բերել մի շարք միջազգային համաձայնագրերից, այդ թվում՝ տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության առևտրային պայմանագրից, կլիմայի հարցերով փարիզյան համաձայնագրից և Իրանի միջուկային գործարքից։ Ինչ վերաբերում է առևտրին, Թրամփը կատարել է Կանադայի և Մեքսիկայի հետ ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտու մասին համաձայնագրի վերանայման նախընտրական խոստումը՝ միաժամանակ առևտրային պատերազմ սկսելով Չինաստանի հետ։

Նա բազմիցս կասկածի տակ է դրել Միացյալ Նահանգների կողմից այլ երկրներին պաշտպանության նպատակով ֆինանսական աջակցության նպատակահարմարությունը, հրապարակավ քննադատել է ՆԱՏՕ-ին։ Նախագահը անկայուն հարաբերություններ է ունեցել մի շարք օտարերկրյա առաջնորդների հետ, այդ թվում՝ երկրի ավանդական դաշնակիցներ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, սակայն գրկաբաց ընդունել է այնպիսի պատմական թշնամիների, ինչպիսիք են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։


Նախագահական մարտահրավերներ. Թրամփի պաշտոնավարման ընթացքում կորոնավիրուսի համավարակը և 2020-ի տնտեսական ճգնաժամը միակ խոշոր մարտահրավերները չէին։ Նախագահը ենթարկվել է իմփիչմենթի դեմոկրատների այն մեղադրանքների հիման վրա, ըստ որոնց՝ Թրամփը դիմել է Ուկրաինայի օգնությանը նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու վերաբերյալ կեղծ տեղեկություններ հավաքելու խնդրանքով։

Դեմոկրատական վերահսկողության ներքո գտնվող Ներկայացուցիչների պալատը նախագահին իմփիչմենթ է հայտնել 2019 թվականի վերջին, իսկ Սենատի հանրապետականների մեծամասնությունը արդարացրել է նրան 2020 թվականի սկզբին։ Միայն մեկ հանրապետական սենատոր էր քվեարկել նախագահին դատապարտելու և նրան պաշտոնից հեռացնելու օգտին։ Թրամփը ներգրավված էր նաև գրեթե երկու տարի ձգվող հետաքննության մեջ։ Այն վարում էր փաստաբան Ռոբերթ Մյուլերը, որը հետաքննում էր Ռուսաստանի միջամտությունը 2016 թվականի ընտրություններին։

Ըստ Մյուլերի եզրափակիչ զեկույցի՝ Թրամփի ընտրարշավը չի մտել Ռուսաստանի հետ այնպիսի գործարքի մեջ, որը կազդեր ընտրությունների արդյունքների վրա։ Այդուհանդերձ, այն չի հանգել որևէ եզրակացության, թե արդյոք Թրամփին պետք է մեղադրանք առաջադրվի արդարադատությանը խոչընդոտելու համար այն դեպքերում, երբ նա, հնարավոր է, փորձել է խոչընդոտել Մյուլերի հետաքննությանը։

XS
SM
MD
LG