Մատչելի հղումներ

Տավուշի որբերին՝ Վաշինգտոնի հայերից


Վաշինգտոնում տեղի հայ համայնքը երեկո էր կազմակերպել, որի ամբողջ հասույթն ուղղվելու է Տավուշի մարզի որբ երեխաներին:

Հայկական երգ, պար եւ կերակուրներ՝ Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում: «Վարդանանց Դստրեր» միությունը հատուկ երեկո էր կազմակերպել Սբ. Մարիամ հայկական եկեղեցու սրահում՝ Տավուշի որբերին օգնություն հանգանակելու նպատակով: Միության ներկայացուցիչ Մարջի Սաթյանի խոսքով, «Վարդանանց Դստրեր»-ը միշտ այնտեղ է, որտեղ օգնություն է պահանջվում.

«Ուր որ մեկը մեր կարիքն ունի, մենք օգնում ենք, ինչպես այսօր՝ դրամ պիտի հավաքենք, որ Տավուշի որբերին օգնենք»:

Ի դեպ, երգիչը հատուկ ժամանել էր Թուրքիայից: Ժողովուրդը, որը հարգում է իր եկեղեցին, իր միությունը, իր երեխաներին, եզակի ժողովուրդ է, ասում է Պարթեւ Գարյանը.

«Այս անգամ Տավուշի որբերին օգնելու համար ենք հավաքվել, երանի ինձ, որ այսպիսի առիթով եմ այստեղ»:

Չնայած շքեղությանը, սա ավանդական երեկո չէ: Բոլոր ուտեստներն ու ամբողջ հարդարանքը պատրաստել են իրենց ձեռքերով «Վարդանանց Դստրեր» միության անդամները, պատմում է միության ներկայացուցիչ Արաքսի Վանը: Նրա խոսքով, դա թույլ է տալիս հանգանակված ամբողջ գումարն ուղղել մեկ նպատակի.

«Բոլորս հավաքվում ենք, ճաշերն ենք պատրաստում, սրահն ենք պատրաստում, որպեսզի ինչ որ գոյանա այս համերգից, ուղղվի որպես օգնություն Տավուշի որբերին»:

101 տարի առաջ ստեղծված «Վարդանանց Ասպետներ» եւ «Վարդանանց Դստրեր» միությունները, որոնք նախկինում գործում էին որպես գաղտնի կազմակերպություններ, Հայաստանի անկախացումից հետո կենտրոնացրել են ուժերը նորանկախ հանրապետությանն օգնություն հատկացնելու վրա, նշում է միության Անի կառույցի ղեկավար Կեւորկ Մարաչելյանը: Նրա խոսքով, անցած 25 տարիների ընթացքում իրենց միություններն ավելի քան 10 միլիոն դոլարի օգնություն են հանգանակել Հայաստանի դպրոցների եւ մանկատների համար.

«Մեր մաղթանքն է, որ Հայաստանում խաղաղություն տիրի՝ թե՛ Ղարաբաղում եւ թե՛ Տավուշի շրջանում, որտեղ Ադրբեջանի զենքից խեղճ ժողովուրդը տառապում է»:

XS
SM
MD
LG