Մատչելի հղումներ

Մոսկվայում բնակիչները բողոքում են իրենց տների օտարման դեմ


Մոսկվայում Խորհրդային Միության տարիներին կառուցված շենքերի բնակիչները բողոքում են իրենց շենքերը քանդելու քաղաքապետարանի որոշման դեմ: Մեկ միլիոնից ավելի քաղաքացիների տներ քանդվելու են, քանի որ Մոսկվայի քաղաքապետարանի կարծիքով նրանց տները վերականգնման ենթակա չեն:

Մոսկվայի բնակիչները բողոքում են Խորհրդային Միության տարիներին կառուցված իրենց տներից տեղափոխելու քաղաքապետարանի ծրագրերի դեմ: Ավելի լավ տներ տեղափոխելու պետպաշտոնյաների խոստումներին բնակիչները չեն հավատում: Էլմիրայի ընտանիքն ապրել է այստեղ տասնամյակներ շարունակ եւ չի նախատեսում լքել տունը.

«Ես կմնամ այստեղ մինչեւ բուլդոզերները սկսեն քանդել: Ես չեմ գնալու ոչ մի տեղ, Սահմանադրությունը պաշտպանում է սեփականության իմ իրավունքը: Այս շենքը չի քանդվելու»:

Էլմիրայի մոր՝ Գալինայի համար այս տանը բազմաթիվ հուշեր կան.

«Մենք այստեղ ենք տեղափոխվել (19)79 թվականին, այստեղ են ծնվել ու մեծացել իմ երեխաները»:

Ժողովրդական բողոքներից հետո Մոսկվայի իշխանությունները խոստացել են երաշխավորել բնակիչներին համարժեք բնակարաններով ապահովել եւ քանդել շենքերը միայն բնակիչների երկու երրորդի համաձայնությամբ: Սակայն շատերն այստեղ կոռուպցիայի նշաններ են տեսնում:

Շատերին իրենց տներին սպառնացող ուղղակի վտանգը ստիպել է առաջին անգամ բողոքն արտահայտել փողոցներում: Վերլուծաբանների կարծիքով, եթե իշխանություններին չհաջողվի բավարարել Մոսկվայի բնակիչների շահերը, ապա նրանք կարող են անսպասելի ընդդիմության հանդիպել 2018-ի կարեւոր նախագահական կարեւոր ընտրությունների ընթացքում:

XS
SM
MD
LG