Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը հերքում է մեղադրանքները


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է այն բոլոր մեղադրանքները, որոնց համաձայն ինքը ճնշումներ է բանեցրել Հետաքննությունների դաշնային բյուրոյի վրա’ փակելու համար իր նախկին խորհրդականի հարցով սկսված հետաքննությունը: Մյուս կողմից էլ նա հարցականի տակ է դնում հատուկ այն հետաքննիչի դերը, որն ուսումնասիրելու է նախընտրական իր արշավի ու Ռուսաստանի միջեւ հնարավոր կապերը:

Հինգշաբթի օրը Կոլումբիայի նախագահ Հուան Մանուել Սանթոսի հետ Սպիտակ տանն անցկացված մամլո ասուլիսի ժամանակ հնչեցված հարցին, թե արդյոք ինքը ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին չի խնդրել դադարեցնել Ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդարական Մայքըլ Ֆլինի նկատմամբ Բյուրոյի հետաքննությունը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է. ‘’Ոչ: Հաջորդ հարցը’’:

Թրամփն ասել է, որ չնայած ինքը հարգում է հատուկ հետաքննիչի դերը, որն ուսումնասիրելու է Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հնարավոր միջամտությունը, միեւնույն ժամանակ պնդում է, որ չկա հետաքննելու համար որեւէ հարց: ‘’Չի եղել գաղտնի, անօրինական կապ: Բոլորը, նաեւ իմ թշնամիներն են ասել, որ չկա նման բան’’, ասել է Թրամփը:

Թրամփը պնդում է, որ Սպիտակ տան շուրջը պտտվող հակասությունները պարզապես վնասում են ազգային միասնությանը: ‘’Իմ կարծիքով, այս ամենը մասնատում է երկիրը: Իսկ մենք ուզում ենք մեր հզոր երկիրը համախմբել: Ու պիտի ասեմ, որ դա մենք արել ենք մեծ հաջողությամբ’’:

Հեռուստատեսային ալիքներով Թրամփն ասել է, թե անկախ հետաքննիչ նշանակելու հանգամանքը ‘’վնասում է երկիրը’’:

Թրամփն այս մասին ասել է այն բանից հետո, երբ հատուկ հետաքննիչի պաշտոնին Ռոբերտ Մյուլերին նշանակած գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենստայնը ժամանել էր Կապիտոլիում’ այս մասին փակ դռների հետեւում ամբողջ Սենատին զեկուցելու համար:

XS
SM
MD
LG