Մատչելի հղումներ

Կոնգրեսականները պահանջում են ՀԴԲ-ի նախկին տնօրենի հետ կապված բոլոր փաստաթղթերը


ԱՄՆ-ի կոնգրեսականները պահանջում են վերահսկողությունների հանձնաժողովին ներկայացնել ՀԴԲ-ի նախկին տնօրեն Քոմիի կողմից գրված մեղադրանքների հետ կապված բոլոր փաստաթղթերը։

ԱՄՆ-ի հանրապետական կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ջեյսոն Շաֆեթսը դիմել է երկրի Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ խնդրելով հանձնել Բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի այն գրությունները, ըստ որոնց նախագահ Դոնալդ Թրամփն իրեն խնդրել էր դադարեցնել ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Մայքըլ Ֆլինի նկատմամբ սկսված հետաքննությունը։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնակատար Էնդրու Մաքքաբիին հղված նամակում կոնգրեսականը պահանջում է, որ Քոմիի ու Թրամփի հետ կապված բոլոր փաստագրություններն իր հանձնաժողովին հանձնվեն մինչեւ մայիսի 24-ը։

Ինչպես Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆն է ասում, ՝՝Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք ներկայացնել ծանուցագրեր, սակայն հույս ունենք, որ այդ փաստաթղթերը մեզ կհանձնեն կամավոր կերպով՛՛։

Իրավական ու իրավաբանական հարցերով փորձագետները գտնում են, որ նախագահի կողմից նման խնդրանքը կարող է արդարադատությանը խոչընդոտող հանգամանք համարվել։ Արդարադատությունը խոչընդոտելու մեղադրանքն էլ կարող է դառնալ Կոնգրեսի կողմից Թրամփին պաշտոնանկ անելու պատճառ։

Հիշեցնենք, որ Թրամփը Քոմիին Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնից ազատեց անցյալ շաբաթ՝ առաջ բերելով քաղաքական հակասությունների մեծ ալիք եւ ավելի ուժգնացնելով այն պահանջը, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հարցը ուսումնասիրելու նպատակով նշանակվի հատուկ, անկախ հանձնաժողով։

Հիշեցնենք նաեւ, որ Ֆլինը հրաժարական էր ներկայացրել այն բանից հետո, երբ տեղեկություններ տարածվեցին, որ Արդարադատության նախարարությունը նախազգուշացրել էր Սպիտակ տանն այն մասին, որ Ֆլինը կարող է մեղադրվել մինչեւ նախագահի պաշտոնը Թրամփի կողմից ստանձնելը Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ կապեր հաստատելու մեջ։


Սպիտակ տունը երեքշաբթի օրը երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Թրամփը երբեք ու որեւէ մեկի չի խնդրել դադարեցնել Ֆլինի նկատմամբ սկսված հետաքննությունը։

XS
SM
MD
LG