Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը շուտով կսկսի արտասահմանյան իր առաջին ուղեւորությունը


Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում նախապատրաստվում է արտասահմանյան իր առաջին ուղեւորությանը՝ փորձելով հարթել այն անհարթությունները, որոնք առաջ են եկել նրա ընտրարշավի ժամանակ ու նախագահության առաջին ամիսների ընթացքում։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շուտով սկսելու է իննօրյա ճամփորդություն դեպի Մերձավոր Արեւելք՝ առաջին վայրէջքը ծրագրելով Սաուդյան Արաբիայում։ Երկիր, որի մասին նախընտրական իր արշավում նա հանդես էր գալիս քննադատական խոսքերով։

Իսկ այն հանգամանքը, որ նա ցանկանում է ժամանակավորապես դադարեցնել մահմեդական 6 երկրներից մարդկանց մուտքը ԱՄՆ, դարձել է պատճառ, որ աշխարհի այս հատվածում նրան անվանեն ՝՝հակամահմեդական՛՛։

Սակայն Թրամփը, որպես առաջին ճամփորդության առաջին վայրէջք է ընտրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադը։
Նա այսօր հանդես է գալիս հայտարարությամբ այն մասին, որ այս երկրում են գտնվում մահմեդականության երկու ամենասուրբ մզկիթները։
՝՝Եվ հենց այստեղ ենք սկսելու մեր համագործակցության նոր հիմքերի կառուցումը եւ այստեղ ենք ամրապնդելու ծայրահեղականության, ահաբեկչության ու բռնությունների դեմ պայքարի գործում աջակցության հիմքերը՛՛, ասել է Թրամփը։

Այս այցը Թրամփի համար կարող է դառնալ միջոց՝ թոթափելու համար հակամահմեդական իր իմիջը։
Ի դեպ, Ռիյադում Թրամփի համար կազմակերպել են մեծ ընդունելություն՝ սուննի մահմեդական երկրների 2Օ արքաների, էմիրների ու նախագահների մասնակցությամբ։
Թրամփի ուղերձը հետեւյալն է. Միացյալ Նահանգները կկանգնի այս երկրների կողքին` ընդդեմ տարածաշրջանում թշնամական համարվող Իրանի։

Բայց մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունները քննադատում են Թրամփին՝ Եգիպտոսի ու Թուրքիայի ավտորիտար ղեկավարներին ընդունելու համար։ Մի բան, որը լիովին հակասում է նախկին նախագահ Օբամայի որդեգրած դիրքին։

Ինչպես Վաշինգտոնի Մերձակա Արեւելքի հաստատության գործադիր տնօրեն Ռոբերտ Սեթլոֆն է ասում, Օբաման Կահիրեում իր խոսքն ուղղում էր արաբական երկրների ղեկավարների վրայից դեպի ժողովուրդը։

՝՝Սակայն Դոնալդ Թրամփը պատրաստվում է խոսել հենց ղեկավարների հետ, եւ իր խոսքը ուղղել ղեկավարներին։ Սա մեծ տարբերություն է Օբամայի համեմատ՛՛, ասում է վերլուծաբանը։

Վաշինգտոնի Արաբիա հիմնադրամի փորձագետներից Ալի Շիհաբին էլ ասում է, թե Թրամփի ուղերձն այն է, ինչն ուզում էին լսել սուննի երկրների առաջնորդները։

Թրամփը Ռիյադից մեկնելու է Իսրայել, ապա՝ Վատիկան՝ այսպիսով մինչեւ ՆԱՏՕ-ի ու Մեծ յոթնյակի գագաթաժողովներին մասնակցելը, ոտք դնելով միաստվածային երեք ամենամեծ կրոնների նստավայրերում։

XS
SM
MD
LG