Մատչելի հղումներ

Առցանց ահաբեկիչների կողմից տարածվող WannaCry համակարգչային վիրուսի հիմնական գրոհի ալիքը կարծես թե անցյալում է՝ վիրուսից տուժած հիմնարկները վերականգնում են բնականոն աշխատանքը: WannaCry վիրուսը, որը թարգմանաբար նշանակում է «լացել եմ ուզում», փաստացի պատանդ էր վերցնում համակարգիչներիչներում բոլոր տվյալները եւ սպառնում ջնջել դրանք, եթե երեք օրվա ընթացքում ահաբեկիչներին չվճարվեր 300 դոլարի փրկագին: Վիրուսը տարածվում էր ցանցային միջոցով, այսինքն, եթե ձեր տան, կազմակերպության կամ նույնիսկ սրճարանի ցանցին միացված մեկ համակարգիչ վարակվում է վիրուսով, այն անմիջապես վարակում է ցանցին միացված բոլոր համակարգիչները: Վիրուսը վտանգի տակ դրեց ոչ միայն անհատական համակարգիչների օգտատերերին, այլեւ մարդկանց կյանքեր՝ կանգնեցնելով հիվանդանոցների աշխատանքները: Առաջինների թվում տուժեց Մեծ Բրիտանիան. այստեղ Թոմի նման տասնյակ մարդկանց վիրահատությունը հետաձգվել է, քանի որ վիրուսը դադարեցրել է հիվանդանոցի բոլոր համակարգիչների աշխատանքը.

«Կարծում եմ սա սարսափելի հանցանք է՝ նրանք մարդկային կյանքեր են վտանգում»:

Աշխարհի մյուս մասում՝ Ինդոնեզիայի մայրաքաղաքում մայրաքաղաքի խոշորագույն Դհարմայիս հիվանդանոցը կաթվածահար էր եղել, քանի որ WannaCry վիրուսը վնասել էր հիվանդների տվյալների ամբողջ բազան.

«Փառք Աստծո, անմիջապես գրոհի պահին մեզ մոտ վիրահատություն տեղի չէր ունենում», - ասում է հիվանդանոցի տնօրեն Աբդուլ Քադիրը:

Ամերիկյան առաջին ընկերությունը, որը տուժեց WannaCry վիրուսից, FedEx փոստային ծառայությունների ընկերությունն էր: Ընդհանուր առմամբ, վիրուսից տուժել են 150 երկրի հարյուր հազարավոր համակարգիչներ: Ճապոնիայի կառավարությունը հատուկ կարգադրություն է հրապարակել WannaCry վիրուսի հետեւանքներին դիմակայելու մասին, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրել է վիրուսի տարածման մեջ ամերիկյան կողմին՝ ավելացնելով, որ ինքը վիրուսի հետ ոչ մի կապ չունի.

«Վիրուսի հիմնական աղբյուրը Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններն են: Ռուսաստանն այստեղ ոչ մի կապ չունի»:

WannaCry վիրուսը գրվել է այն բանից հետո, երբ հաքերների մի խումբ ապրիլին ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունից գողացել էին տվյալներ Microsoft Windows ծրագրի մանր վրիպումների վերաբերյալ, որոնք թույլ են տալիս մուտք գործել օգտատերի համակարգիչ: Մարդկային կյանքերը վտանգի տակ դրած եւ հարյուր հազարավոր մարդկանց տվյալները պատանդ վերցրած հաքերների ինքնությունը դեռեւս չի պարզվել: Microsoft ընկերությունը վերջին օրերին վերացրել է տվյալ վրիպումը, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս օգտատերերին աչալուրջ լինել:

Facebook Forum

XS
SM
MD
LG