Մատչելի հղումներ

Ուկրաինայի եւ Վրաստանի քաղաքականությունն աջակցություն է ստացել Վաշինգտոնում


Միացյալ Նահանգները աջակցություն է հայտնել Ուկրաինայի եւ Վրաստանի եվրաատլանտյան կառույցների հետ մերձեցման եւ հակամարտությունների կարգավորմանն ուղղված քաղաքականությանը:

Միացյալ Նահանգները բազմիցս է նշել Ուկրաինային աջակցելու մասին, սակայն փորձում է նաեւ Ռուսաստանի հետ փոխզիջման հասնել: Դոնալդ Թրամփի հետ հանդիպելուց հետո Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկել է ԱՄՆ-ի նախագահի հետ նաեւ Մինսկի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Ուկրաինան Մոսկվային է մեղադրում Մինսկի գործընթացի ձախողման մեջ:

«Ռուսաստանը Մինսկի ողջ գործընթացը գիտակցված փակուղի է տարել: Այժմ դա բոլորն են գիտակցում՝ անհրաժեշտ է անվտանգության գոնե նվազագույն մակարդակ ստեղծել, քանի որ առանց դրա Ռուսաստանի գործողությունների նկատմամբ որեւէ վստահություն չի լինելու: Անվտանգությունն անհրաժեշտ է առաջին հերթին մարդկանց: Անհրաժեշտ է նաեւ քայլեր ձեռնարկել քաղաքական բանտարկյալների եւ պատանդների նկատմամբ: », - նշում է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը:

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հիշեցնում է, որ Ուկրաինայի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումն անփոփոխ է մնացել:

«Միացյալ Նահանգները հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: ԱՄՆ-ը աջակցում է նաեւ բանակցությունների նորմանդյան ձեւաչափին եւ ցանկանում է խաղաղություն տեսնել Ուկրաինայի արեւելքում: Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուժի մեջ են մնալու մինչեւ Մինսկի պայմանավորվածությունների լիակատար իրականացումը», - նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքը:

Վրաստանի պատվիրակությունը Վաշինգտոնում ստորագրել է տեղեկատվական անվտանգության մասին համաձայնագիր, որն իրավական հիմք է սահմանում հետախուզության տվյալների միասնական օգտագործման համար եւ ամրապնդում է ահաբեկչության դեմ պայքարը:

«Ստորագրված համաձայնագիրն ապացուցում է, որ Վրաստանն ԱՄՆ-ի հուսալի գործընկերն է: Մենք քննարկել ենք ռազմավարական գործընկերության բոլոր կողմերը՝ տնտեսական համագործակցությունը, պաշտպանությունն ու անվտանգությունը, եւ դրանց խորացման ուղիները: Ամենակարեւորը՝ մենք հավաստիացում ստացանք, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել մեր եվրաատլանտյան գործընթացը:», - նշել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը շնորհակալություն հայտնեց Վրաստանին՝ միջազգային անվտանգության ամրապնդման մեջ ունեցած ներդրումների համար եւ բարձր գնահատեց վրացական բարեփոխումների արդյունքները: Կողմերը համաձայնել են նաեւ շարունակել Վրաստանի անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները:

Facebook Forum

XS
SM
MD
LG