Մատչելի հղումներ

Թրամփի վարչակազմը չի հետապնդում Աֆղանստանից հեռանալու մտադրություն


Երեք ամիս առաջ էր, երբ Աֆղանստանում ԱՄՆ-ի ու միջազգային ուժերի հրամանատարը հայտարարեց, որ պատերազմից հյուծված այս երկերում “պատային” իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ են մի քանի հազար թվակազմով հավելյալ ուժեր: Նախագահ Թրամփի վարչակազմն այս հարցում չունի առարկություններ:

Երբ տաքանում է եղանակը, թեժանում է իրավիճակը հակամարտ գոտիներում: Այս խոսքերը վերաբերում են նաեւ Աֆղանստանին: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի նոր վարչակազմի վերաբերմունքին, Սպիտակ տունն Աֆղանստանի մասին դեռեւս որոշում չի կայացրել, ու դեռեւս չի կողմնորոշվել արտոնելու է նոր ուժերի տեղակայում այնտեղ, թե ոչ:

Սակայն ինչպես պաշտոնաթող գեներալ Թոմաս Սպոերն է ասում ‘’Ամերիկայի Ձայն’’-ին, վարչակազմն ամենայն հավանականությամբ մի քանի հազար թվակազմով համալրում կուղարկի Աֆղանստան:

‘’Մենք փորձելու ենք ավելի հզորացնել Աֆղանստանի բանակը: Կարծում եմ այս անգամ ավելի եռանդուն ենք գործելու այս հարցում’’, ասել է նա:
Վարչակազմը հիմա աշխատում է նոր քաղաքականության վրա, ասում են որոշ պաշտոնյաներ’ նշելով, որ ավելի շատ կենտրոնանում են ոչ թե թվակազմի, այլ կարողությունների վրա: Խոսքը Աֆղանստանի օդային ու հատուկ ուժերին նոր միջոցներ տրամադրելու մասին է:

Ազգային հետախուզության տնօրեն Դանիել Քոութսի խոսքերով, միջազգային ուժերի թվակազմի աճը չի կարող արագ ազդեցություն գործել աֆղանական մարտի դաշտում:

‘’Հետախուզության տվյալներով, մինչեւ 2018 թվականն Աֆղանստանում քաղաքական ու անվտանգության իրադրությունը վատթարանալու է, եթե նույնիսկ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները չափավոր կերպով մեծացնեն ռազմական օժանդակությունը’’:

Թալիբանն այսօր իր վերահսկողության տակ ունի ավելի մեծ տարածքներ, քան որեւէ այլ ժամանակահատվածում

2001 թվականից ի վեր: Ու ռազմական ճնշումը Թալիբանին կստիպեր նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Չնայած շատերն են ասում, որ Աֆղանստանում այսօր շախմատային լեզվով ասած ‘’պատային’’ իրավիճակ է, գեներալների խոսքերով, հակաահաբեկչական գործողությունները գրանցում են նոր հաջողություններ այս երկրում:

Նրանցից Ռեյմոնդ Թոմասը, որը ամերիկյան հատուկ ուժերի հրամանատարն է, ասում է, թե անցած 15 տարիներին իրենց ներկայությունն Աֆղանստանում ապահովել է, որ այստեղից չլինեն նոր հարձակումներ:

Հակաահաբեկչության առաքելությունը մեծացավ հատկապես այն բանից հետո, երբ ‘’Իսլամական պետություն’’ ծայրահեղական խմբավորումը մուտք գործեց Աֆղանստան: Այժմ այստեղ կարեւորվում է ‘’Դաեշ’’-ի ու Թալիբանի դեմ ռազմական գործողությունների համադրումը: Եվ ինչպես փորձագետներն են ասում, հակառակ Օբամայի վարչակազմի քաղաքականությանը, Դոնալդ Թրամփի վարչակազմը չի հետապնդում Աֆղանստանից հեռանալու մտադրություն:

XS
SM
MD
LG