Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դեմ ներկա գլխավոր սպառնալիքները


ԱՄՆ-ի առջեւ այսօր խոյանում են սպառնալիքներ մի քանի ուղղություններով: Հետախուզությունը նախազգուշացնում է Ռուսաստանի կողմից հնարավոր ավելի ագրեսիվ քայլերի մասին: Վտանգ են նաեւ Հյուսիսային Կորեան, Իրանն ու ‘’Իսլամական պետություն’’ ծայրահեղական խմբավորումը:

Եթե մի քանի օր առաջ կային հույսեր, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները սկսում են բարելավվել, ապա ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների պաշտոնատար անձանց խոսքերը մի տեսակ խաչ են քաշում այդ հնարավորության վրա:

Ինչպես ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսն է ասում, ‘’Հստակ է, որ սոցիալական մեդիայի միջոցով ռուսներն ուժեղացնում են իրենց խաղի ոճը: Իսկ դա մեծ սպառնալիք է ժողովրդավարության մեր գործընթացի համար’’:

Ավելին, Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնակատար Էնդրու Մաքքեյբը հերքում է Սպիտակ տան այն հայտարարությունները, ըստ որոնց ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի միջամտությունը ներկա հարցերից ամենափոքրն է:

Սենատորների հարցերին պատասխանելիս’ նա ասել է. ‘’Սա մենք համարում ենք չափազանց մեծ կարեւորության հետաքննություն’’:
Այս պատասխանը նախորդ նախազգուշացումների շարունակությունն է: Հիշենք պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը ամենամեծ սպառնալիքն է ԱՄՆ-ի ու համաշխարհային կայունության համար:

Սակայն նախագահ Դոնալդ Թրամփի օրոք այդ տեսակետը փոփոխության է ենթարկվում: Այժմ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերով, ամենամեծ մտահոգությունն այսօր Հյուսիսային Կորեան է:
Ինչպես Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն է ասել, ‘’Չէի ասի, որ չնայած գլխավոր էջերից մի պահ դուրս մնալու փաստին, Կիմ Ջոնգ Ունի կողմից սպառնալիքը նվազել է’’:

Հետախուզությունը չի հայտարարում այն մասին, թե որքան է Հյուսիսին մնացել ԱՄՆ-ին միջուկային հարված հասցնելու կարողություններ ձեռք բերելու համար: Նրանք պարզապես ասում են, որ յուրաքանչյուր նույնիսկ ձախողված փորձարկումից հետո Փհենյանն ավելի է մոտենում այդ կարողություններին:

ԱՄՆ-ի նկատմամբ մյուս սպառնալիքը ‘’Իսլամական պետություն’’, կամ ‘’Դաեշ’’ ծայրահեղական խմբավորումն է, որն ըստ ԱՄՆ-ի հետախուզության, վերախմբավորվում է Իրաքում ու Սիրիայում ու խրախուսում նոր հարձակումներ աշխարհի տարբեր հատվածներում:

ԱՄՆ-ի դեմ այսօր սպառնալիք է համարվում նաեւ Իրանը, որը ըստ պաշտոնատար անձանց, եթե նույնիսկ հավատարիմ է մնում միջուկային հարցերով կնքված համաձայնագրին, շարունակում է գործուն դեր խաղալ Սիրիայում եւ Իրաքում’ տարածաշրջանի տարբեր հատվածներում ունենալով մոտ տասը հազար զինյալներ:

XS
SM
MD
LG